Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, ետևը նայելով

Դեռ հագուստ մը բռնել չսորվեցար։ Ասանկ բռնե, ասանկ կեցիր (Կը հագնի): Հոս մտնելդ տիկինը տեսա՞վ։


ՆԻԿՈ

Չէ, տեր իմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դուռը գոցե։ (Մեկուսի) Չըլլա որ մեկեն ի մեկ գա։ (Նիկո կը գոցե) Հիմա ալ երեսնիս նայինք։ (Հայելիի առջև կ’երթա): Առաջ ճերմակը, վերջը կարմիրը (Կը քսվի): Տեսնողը տասնվեց տարու մեկը պիտի կարծե։ (Նիկոյին դառնալով) Ինչպես... աղվորցա՞։


ՆԻԿՈ

Ըհ... կապիկի դարձար:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պապանձե՛, ոտքի ամաններս ո՞ւր են, բեր. (Նիկո կը բերե): Շուտով հագվիմ երթամ, թե որ զիս փնտռող մը ըլլա, պատասխանե թե ծանր հիվանդի մը գնաց, և թե այս գիշեր չպիտի գա։ Տիկինին բան մի զուրցեր, կիմանա՞ս, երբ որ հարցնե քեզի, պատասխան տուր, թե հիմա պիտի գա. կամացուկ մը սա դուռը բաց, նայե մարդ կա՞, (Նիկո կը նայի) առանց տիկինին իմացնելու կծիկը դնեմ, թե որ իմանալու ըլլա, դարձյալ պիտի կռվինք։


ՆԻԿՈ

Մարդ չկա, տեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ահա ես պիտի երթամ, կարելի է որ այս գիշեր չգամ, վաղ առտու կանուխ հոս պիտի գտնվիմ։ (Երթալու վրա):