Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ

ՆՈՒՅՆՔ և ԵՐԱՆՅԱԿ

ԵՐԱՆՅԱԿ. շփոթված դուռը կը բանա

Ի՞նչ պատահեցավ:


ՆԻԿՈ

Չե՛ս տեսներ... տիկինը կը մեռնիմ, ըսավ, ի՞նչ գիտնամ, սո՞ւտ է, ճշմարի՞տ է։


ԵՐԱՆՅԱԿ, լալով մորը ք՜ով կերթա

Ի՞նչ ունիս, մայրիկ... սուրբ Աստվածածին, մարմինը պաղ է... քիչ մը ջուր, ջուր, ջուր, ջուր, ավանակի պես ինչո՞ւ կեցեր ես, ջուր, ջուր, ջուր։


ՆԻԿՈ, վազելով

Ջուր, ջուր, ջուր, կարծես թե տունը կը բռնկի. մեռած մարդուն ջուրը ի՞նչ կօգնե:


ԵՐԱՆՅԱԿ

Բաց աչքերդ, մայրիկ, բաց, ես եմ քովդ նստողը, քու աղջիկդ Երանյակն է, ա՛հ, մայրիկ, մայրիկ, (Լալով) ինչո՞ւ չես պատասխաներ, մարմինը որքան պաղ է:


ՆԻԿՈ, վազելով կուգա

Ջուր չկա. (Կը թքնե Մարթային երեսը) պարապ տեղը մի՛ լար, օրիորդ, թե որ մեռած չըլլար պատասխան կուտար։


ԵՐԱՆՅԱԿ

Սեղանին վրա անուշադրի ոգի կա, բեր։


ՆԻԿՈ

Լուսահոգին կոտրեր է աս առտու:


ԵՐԱՆՅԱԿ, վազելով սեղանին վրայեն շիշ մը կառնե մորը

քիթը կը բռնե

Ասով, հիմա...