Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿԱԹ

Եվ դուն հոս պիտի մնաս. մինչև որ ելնենք, անպիտան: (Սենյակը կը քաշվի):


ՓԱՅԼԱԿ

Տեղդ չպիտի երերաս, գաղա՛ն։ (Սենյակը կը մտնե):


ՍՈԻՐ

Հոս մեր ելնելուն պիտի սպասես, վայրենի: (Սենյակը կը մտնե):


ՏԵՍԻԼ Ե.

ՊԱՂՏԱՍԱՐ, առանձին

Ըսելիք չըմնաց, աս բոլոր դռները գոցեց։ Անպիտան, գազան, վայրենի եղա. ինչո՞ւ որովհետև անհավատարիմ կինե մը բաժնվիլ կուզեմ։ Սակայն ի՞նչ որ ըսեն, ի՞նչ որ ընեն, միշտ իմս է իրավունքը. պիտի հայտնվի անշուշտ, թե այդ լիբը կնոջ ո՛չ թևը կոտրած եմ, ո՛չ ալ խղդել ուզած եմ զինքը։ Չպիտի հուսահատիմ բնավ և պիտի աշխատիմ հաստատել, թե այդ կինն խորամանկ է. ստախոս է և անբարոյական. պիտի գտնամ, նույնիսկ մեծ կորուստներ ընելով, բաժնվիլ այդ օձեն։ Մեր փաստաբանեն ալ բան մը չհասկնա որ...


ՏԵՍԻԼ Զ.

ՆՈՒՅՆ և ՍՈՂՈՄԵ խոհանոցի հագուստով

ՍՈՂՈՄԵ

Ի՞նչ կա, ի՞նչ եղավ, ի՞նչ եղեր է...


ՊԱՂՏԱՍԱՐ

Ոչինչ։


ՍՈՂՈՄԵ

Ի՞նչպես ոչինչ... դրացիներն դուռն ափ առին, ներս մտան ու խոհաբանն եկան ինձ հարցնելու, թե ո՞վ մարեր էր.