Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԻՊԱՐ

Եթե այսպես վարվիլ հարկ է պակասութեան մեջ գտնված կնոջ մը համար, որքան ուրեմն շրջահայեցությամբ վարվիլ պետք էր կնոջ մը համար, որուն դեմքին վրա պարկեշտությունն և անմեղությունն կը փայլին։ Մեծ սխալ գործեցիր, Պաղտասար աղբար, զպարտելով ձեր կինն և անոր հետ ձեր մտերիմն, որ այնքան սեր, վստահություն ու համակրություն կը տածեր ձեզի համար։


ՓԱՅԼԱԿ

Հանձնաժողովն յուր խորին ուշադրության առարկա պիտի ընե այն կետն և այնպիսի տեղեկագիր մը պիտի խմբագրե, ուր պատվավոր կերպով պիտի ուղղվի այդ սխալն, ուր պիտի բժշկվին գայթակղյալ միտքերն, ուր արևու պես հայտնի պիտի երևա թե Պաղտասար աղբարն ալ անմեղ է, կինն ալ անմեղ է և դուք ալ անմեղ եք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ի՞նչպես։


ՓԱՅԼԱԿ

Պարզապես պիտի գրվի տեղեկադրին մեջ, թե Պաղտասար աղբար իրավունք ուներ սխալելու յուր կինն կարծելով կին մոր կարծես թե յուր կինն էր, այնքան նմանություն ուներ յուր կնոջ հետ և թե մանրաքննին աչոք դիտել հարկ էր զանոնք իրարմե որոշելու համար։


ԿԻՊԱՐ

Այս իմաստով շարադրված տեղեկագիր մը կարող է միայն կործանված պատիվ մը վերականգնել:


ՓԱՅԼԱԿ

Եվ անցյալն իբրև ոչ եղյալ համարել տալ:


ԿԻՊԱՐ

Այո, պարզապես թյուրատեսություն մը։