Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳԱՐ

Երիտասարդը շատ երիտասարդ գտան։


ՎԱՐԴԻԿ

Չըսի՞ր իրենց, թե ես ալ ծեր չէի. և իրմե մեծ ըլլալովս ալ կրնայինք շատ սիրով ապրիլ։


ՄԱՐԳԱՐ

Անոր ալ սա դիտողությունը ըրին, թե ձեր կարդվելու տարիքն անցած էիք, թե շատ դժբախտ կըլլայիք, թե ձեր ստակին համար կառներ զձեզ։


ՎԱՐԴԻԿ

Չըսի՞ք թե կը սիրեր զիս, բոլոր սրտով:


ՄԱՐԳԱՐ

Ըսի, խնդացին։


ՎԱՐԴԻԿ

Ի՞նչու խնդացին։


ՄԱՐԳԱՐ

Կը խնդրեմ խոսել մի՛ տար ինձի, որովհետև անանկ բաներ ըսին, զորս չեմ կրնար ձեզի հաղորդել. ես չեմ ուզեր և ոչ մեկուն սիրտը վիրավորել. ինչո՞ւս պետք։


ՎԱՐԴԻԿ

Այսօր բոլորովին փոխված կը տեսնեմ զձեզ. ձեր անկեղծությունը և հանդարտ բնավորությունը կորուսած եք, ձևերով կը խոսիք և քիչ մալ կիրքով, մասնավորապես զիս վիրավորելու համար։ Կը կասկածիմ, որ ձեր վրա ունեցած գաղափարս սխալ է եղեր... ինչո՞ւ կը վախնաք ձեր կարծիքը պարզապես հայտնելու։


ՄԱՐԳԱՐ, հուզված

Եվ ոչ մեկեն երկյուղ ունիմ, այնքան խոսքերեն պարտավոր էիք հասկնալ նաև իմ կարծիքս, և ստիպելու չէիք զիս,