Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպով. կը հուսամ, որ պիտի հաջողիմ։ Ի՜նչ երանություն ինձի համար, որ 30 տարիե ի վեր ծառայության փափուկ պաշտոնը կը վարիմ, և հիմա Մարգրիտն ինձի կնության <պիտի> առնում: Երվանդի համար բավական զրպարտություններ դիզեցի Անտոն տիրոջս. Թեոփիլե տիրոջս ալ Մարգրիտը բամբասեցի. հիմա երկու կողմն[1] ալ պիտի դատե, որ Մարգրիտն ես առնեմ. ըղձալի դատ։ Եթե Մարգրիտն իս սիրելու հավանի (Միշտ ավլելով), այն ատեն բազմոցներու վրա պիտի նստիմ, Մարգրիտն ալ քովս. մայրս ալ մեկ կողմս (Կը ցատկե). ի՜նչ ուրախություն։ Միայն թե Երվանդը ինձի հետ պիտի թշնամանա, հող չէ. բավական է, որ Մարգրիտը ատե զինքը. գեղեցիկ օրիորդի մը ամուսին ըլլալու համար հարկավ ոխերիմ մը պիտի ունենայի. այս բնական է. թող այն ալ Երվանդը ըլլա։ Ո՞վ գիտե, թե որչափ նախատվեցավ խեղճը. տերս տակավին նամակը չառավ, եթե առնե կարդա զայն, ավելի պիտի սրդողի Երվանդի դեմ։ Խեղճ Երվանդ, կը ցավիմ զինքը՝ եթե իմանա որ Մարգրիտը ես պիտի առնեմ, որչափ պիտի հուսահատի արդյոք. այն ատեն ալ ես ոտք կելլեմ և իմ մայրս իրեն կուտամ. ի՞նչ կուզե տակավին, ինձի ալ հայր կըլլա։ [2]Պատրաստ զավակ մը գտնալը ամեն մարդուն բաղդը չէ. մայրս ալ գեղեցիկ կնիկ մէ (Միշտ կավլե), միայն թե, քիչ մը քիթը մեծ և ճակատը դուրս ելած է. քթին մեծությունը վնաս մը չտար իր գեղեցկությանը։ Շատ խելացի է, միայն թե խելք չունի. վերջապէս ճարտասան կնիկ մըն է, բայց ինչ ընե խեղճը, որ խոսիլ չգիտեր, բայց կը սորվի, տակավին պզտիկ է, դեռ[3] երեկ լրացուց իր վաթսուներորդ տարին։ Բայց հիմա իմ հարսանիքիս վրա խորհիմ և ապա մորս վրա։ Բազմոցները աղեկ մը սրբեմ, որ տիրոջս աչքը մտնամ. մեկր կը գա։

  1. բնագրում՝ կողմ
  2. [Պատ<րաստ>=հանպատրա<ստ>]
  3. տակավին