Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մես. մի՛, մի՛ այնքան շուտ վազեր, վասնզի բեռդ ծանր է. կը հոգնիս և ճամբու վրա կը մնաս, և հայությունը կռնըկի վրա կիյնա... պոչ ի ձեռին։ Տեսե՛ք, կնիկնին ծերության ատեն ասանկ երեսի վրա կը թողուն, և իրենք գեղեցիկ ու երիտասարդ... ուհիներու քծնելու կ՝երթան... ա՛հ բոլոր անդամներս կը դողան, (Աթոռի մը վրա կը նստի: Այս միջոցին Նիկո միջին դրան առջին կ’երևի, ձեռքը կոշիկ մը զոր վրձինով կը ներկե): Ես ալ երիտասարդությանս ատեն երբ տասնուվեց տարու էի, անանկ աղվոր աղջիկ մ՝ էի որ, բոլոր աշխարհ ճամբուս վրա կ՝սպասեր զիս տեսնելու համար, այն ատեն չէի՞ կրնար, եթե ուզեի, մեկու մը հետ սիրահարություն ընել, օր մը աչվըներս վեր առած մէկուն երեսը նայած չունիմ, որովհետև մայրս այսպես կը պատվիրեր, որովհետև պարկեշտությունը ասանկ կը պահանջեր։ Բնավ չեմ մոռնար, եկեղեցիեն ելած ժամանակս բոլոր եկեղեցպանները դրան առջին կը շարվեին և իբր թե իրարու հետ կը խոսակցէին, քանի քանի անգամներ և ականջներովս լսած եմ, որ անկե անցած ժամանակս իրարու կըսեին. «Ընկեր, նայե սա կնիկը որքան աղվոր է, հազար ոսկի կուտայի ասանկ կին մը ունենալու համար, տես աչքերը որքան հրապուրիչ են, այտերը որքան կարմիր են»։ Ասոնք իրավ էին, վասնզի ան ատեն վարդի պես այտեր ունեի. ետքեն ուրիշ մը կըսեր. «Եղբայր, տես ինչպես սև են մազերը, ինչպես ճերմակ են ձեռքերը, որքան փոքր են ոտքերը»։ Ասոնց ամենն ալ ճշմարիտ էին, բայց ես առանց նայելու ճամբաս կը շարունակեի, և ինքը հիմա զիս մինակ կը թողու ասանկ։ Արդարև իրմե տասնհինգ տարու մեծ եմ, բայց իր օձիքէն բռնելով՝ եկո՛ւր ինձի հետ կարգվե չըսի իրեն, ինքը հոժար կամքով և մանավանդ աղաչելով ամուսնացավ հետս, վասնզի աղվոր էի... վասնզի հարուստ էի... վասնզի ուսումնական էի..., վասնզի ստակ ունեի... վասնզի... վասն... ինչ գիտնամ, խել մը աղվոր բաներ ունեի, և հիմա ամեն գիշեր գլուխն առնե երթա՜, ակռա պիտի քաշեմ ըսելով... (Կ’երգե):