Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը օրեն յուր վարդապետները իրեն հրավիրելով՝ իշխանություն տվավ անոնց մինչև նոր կիրակի արձակել անուղղակի գործողները—ինքը բանադրելու զբաղած ըլլալով արձակելու ժամանակ չուներ,—իսկ ինք ստանձնեց ուղղակի գործողներն արձակելու պաշտոնը զոր մինչև այսօր արժանի չեղավ վարելու։ Առավոտը արթննալուն պես վարդապետներուն կ'ըսեր, բանադրվելիք անձերու ցուցակը բերե՛ք նայինք, իսկ երբ վարդապետները կը պատասխանեին, թե բանադրվելու մարդ չմնաց՝ կ'սպառնար իրենց, որ մարդ գտնեն, որպեսզի բանադրե։ Ճաշեն առաջ կը բանադրեր, ճաշեն ետքը քիչ մը կը կախակայեր, թեպետև երբեմն ալ կ'արձակեր, բայց շատ անգամ գիշերը կը քակեր և առավոտուն կը կապեր․եթե կապելու համար չվանի պետք ունենար՝ չվանի վաճառականները մեծ գործ մը տեսած պիտի ըլլային։ Հասունյան երբ տեսավ, որ բանադրելն, անիծելն ու կախակայելը մեծ արդյունք մը չունեցան, սկսավ ս. պապեն շրջաբերականներ բերել տալ, ամեն օր արևուն հետ մեկտեղ նոր շրջաբերական մը կ'ելներ։ Հակահասունյաններն այդ շրջաբերականները կարդալով՝ հետևյալ կերպով կը պատասխանեին Հասունյանին.

«Գեր. Հասունյան,

Մեծապես մխիթարվեցանք կարդալով ս. Հոր Պիոսի Թ․ քահանայապետին կոնդակը։

Մենք քու վրա վստահություն չունինք։

Ձեր բռնած ճամբան անհամաձայն է Քրիստոսական ոգվույն։

Ուստի ամենևին անվստահ ըլլալով ձեր վրա, դարձյալ հաստատությամբ կը նորոգենք մեր բողոքը աշխարհի առջև, որ ասկից ետքր մեկ կերպով մը չենք ճանչնար զձեզ մեզի հովիվ և առաջնորդ… գնա՛, մարդ աստուծո, թող տուր քիչ մը մեր օձիքը» ։

Հասունյան այս պատասխանը կարդալով՝ աչերը վեր կը վերցուներ և կ՝աղոթեր. Հա'յր, թող սոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն. աղոթքը չմնցնելուն պես ինքնիրեն կ՝ըսեր, դուք մի ուզեք զիս, ես զձեզ կ’ուզեմ:

114