Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1872-ին հարյուր ոսկվո հանգանակություն մը եղավ և գումարն իրեն տրվեցավ, որպեսզի խավարի մեջ մնացած հանճարն ի Լույս հանե։ Միսաքյան առավ հիշյալ գումարն, որուն փոխարեն Գորտամկնամարտություն մը կարդացուց մեզի Փունջին դեմ՝ Մասիսի բացած դատին առթիվ։ Հոմերոսի Գորտամկնամարաությունը ավելի անհարմար տեղ չէր կրնար գտնել։ Եթե Միսաքյանին նպատակը փաստաբանել և համոզել Էր, այդ խորագիրն նպատակին դեմ Էր, եթե զվարճացնել Էր՝ գրության ձևն յուր խորագրին հակառակ Էր։ Ի՞նչ էր ուրեմն նպատակը։ Մենք մինչև այսօր հասկցած չենք։ Չմոռնանք հիշել, որ այդ հոդվածն ուրիշ, երկու երեք անուններ ալ ուներ, տոն մը պակաս էր սպանիացի ըլլալու համար։ Գորտամկնամարտութենեն զատ քանի մը անգամ ևս գրելով Փունջի մեջ, վերջ տվավ յուր հոդվածներուն և մանավանդ այն ծիծաղներուն, զորս այնքան դյուրությամբ կը հրավիրեր յուր գրություններուն վրա։

Տարի մը ետքը երեսփոխան ընտրվեցավ, ուր մինչև այսօր կարծիք մը հայտնած չէ։

Քիչ մը ատեն դասատվության պաշտոն վարեց Սկյուտարու Սելամինի թաղին մեջ։ Աշակերտներն պարտավոր էին ֆրանսերեն Դելեմաքն գրաբարի թարգմանելեն վերջը թե՛ ֆրանսերենն ու [թե] հայերենը բերնուց սորվիլ և Հայր մերի տեղ բարձր ձայնով զրուցել ճաշեն առաջ։

Հոս կը լմննա ազգային պուետին հրապարակային կյանքը։

Մտնենք հիմա քիչ մ’ալ յուր սենյակը, որ գիրքերով և պատկերներով լեցված է։ Եթե Հոբնաղ մտներ օր մը իր սենյակն, անշուշտ չպիտի վարաներ ըսելու․

«Խորին տգետներ իրենց սենյակն գիտնական Խրիսուպոսի մետաղիոններով կը լեցունեն․ Արիստոտելին կամ Պիտտակոսին մեկ պատկերն ծախու առնելն և կամ իրենց մատենադարանին մեջ Կղեանդոսի մեկ ձեռագիրն ի տես դնելն իրենց համար կատարելության հասնիլ ըսել է»։

134