Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Զիս տեսնե՞լ կ՝ուզեիք... դուռը կղպված է, բանալին քովս չէ, ձեր ըսելիքը կրնաք դուրսեն ալ ըսել։

Հյուրը կը բարկանա և առանց պատասխանելու կը մեկնի։ Միքասյան կ'սկսի ծիծաղիլ այն իմաստասերին պես, որ օր մը սենյակին մեջ առանձնացած՝ խնդացած ժամանակն երբ կը հարցանեն իրեն, թե ինչո՞ւ կը խնդաս՝ քովդ մեկը չկա․կը պատասխանե, թե ճիշտ անոր համար կը խնդամ, որ քովս մարդ չկա։

Բայց այս ուրախությունը շատ չտևեր, դուռը նորեն կը զարնեն։

— Միսաքյանը հոս չէ․ դուրս ելավ, երկու ամիսեն պիտի գա, կը պոռա ներսեն Միսաքյան։

Երբ գրության մը վրա յուր կարծիքը հարցվի՝ կը պատասխանե. տղայական բաներու վրա կարծիք հայտնելու ժամանակ չունիմ և դիմացինը կը սաստե։ Իսկ երբ ստիպեն զինքը, որ քանի մը խոսք ընե՝ կ'սկսի հետևյալ դիտողություններն ընել․

«Լեզուն քաջ է, բայց ոճը վատ է. Պողոս առաքյալին մեկ խոսքը սա տողին մեջ շատ հարմար կուգար։ Գրողը պիտի կրնա գրել, բայց հմտություն չունի․հմտություն ունի, միտքը բացատրելու կերպը չգիտեր։ Ոճը ցամաք է, զարդարուն չէ․ գրության մեջ ճարտասանության կանոն չկա․ կապ չկա ուժգնություն տալու համար զորավոր բառեր չէ կարողացած գտնել, եթե ասոնք ըլլային՝ թերևս ընդունելություն գտներ: Իրմե՞։ Քավ լիցի։ Ժողովրդյան ռամիկ մասեն»։

Եթե զինքը քիչ մը շողոքորթես՝ կ'ելնե սնտուկը կը բանա, կտոր մը թուղթ հանելով կ'սկսի կարդալ իր մեկ բանաստեղծությունն, նախապես հայտնելով, թե շատոնց ի վեր գրած է և վրայեն գոնե անգամ մը անցած չէ, թեպետև հազար անգամ սրբագրած է։ Յուր քերթվածը կարդացած ատեն զգուշացիր փռնգտալե կամ հազալե, վասն զի իրեն թշնամանք կը համարի և թուղթը կը ծալլե, ծոցը կը դնե։ Իսկ եթե մինչև վերջը արժանանա կարդալու յուր ոտանավորն՝ և առաջարկվի իրեն․ որ հանդեսի մը մեջ հրատարակվի այն.

136