Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հետ խոսակցի` կարծիք կը հայտնե, թե երգիծաբանությունն մեծ օգուտներ կ'ընծայե ազգին, թե շատ մը մոլություններ և զեղծումներ անով միայն կրնան անհետանալ, իսկ երբ գտնվի այնպիսի մարդու մը քով, որուն մեկ գործն հեգնված է` կ’սկսի նկարագրել այն վնասներն, զորս հասուցած է ազգին գլխուն հեգնաբանությունը․ վահ, կ’ըսե լալով, միթե զավեշտական թերթերը չե՞ն որ մեր Ռուբինյան թագավորությունը կործանեցին։ Բայց աս չէ յուր տիրող նկարագիրն․ զինքը լավ ճանաչելու համար հարկ է գիտնալ, թե Քազանճյան այն մարդն է, որուն գլուխը եթե աշխարհիս բոլոր դափնիները թափես՝ այս ազգը ապերախտ է, կ’ըսե, բարություն չճանա- չեր։ Եթե լվացվելու համար բաղնիք մտնե՝ կը փափաքի, որ բաղնիքի մեջ գտնված բոլոր մարդերն իրեն թևը մտնեն և այնպես տանին ներս, բնավ չխորհելով, որ երկու թևը քառասուն հոգի չկրնար բռնել։ Եթե մլուկ մը ճղմե՝ էնեականի մեջ տեղ կը փնտռե, որ դյուցազներուն մեջ երթա նստի։ Գնա այցելություն մը տուր իրեն, թղթադրամով խահվե եփել կուտա։ Ճշմարտությունը վիրավորել է չխոստովանիլը, թե Քազանճյան ագգը կը սիրե, բայց արդարությունը սպաննել է չհայտնելը, թե փառքն ավելի կը սիրե․ և եթե օր մը ազգին ու փառքին շահերը զինքը տեղ մը հրավիրելու ըլլան՝ վերջնույն հրավերը կ’ընդունի և առաջնույն կը պատասխանե, թե վաղը պիտի գա։

Քաղաքավար անձ մ’է և հետն անգամ մը տեսակցիլը բավական է անոր իմաստուն խոսքերեն և քաղաքավար վարմունքեն հափշտակվելու համար։ Բացի մեկ երկու ամիրանե րեն՝ ամենն ալ կը սիրեն զինքը, բայց միշտ վախնալով անոր փառասիրութենեն, զոր անցընելու համար շատ մը բժիշկներ բավական դեղեր առաջարկեցին, բայց ինքը մերժեց, հայտնելով, որ եթե այդ հիվանդութենեն բժշկվի՝ չկըրնար ապրիլ։ Ճշմարիտ է, փառասիրությունը այնպիսի հիվանդություն մ’է, որուն ենթակա եղողին հաճույք կը պատճառե և վնասն ուրիշներու կուտա․ո՜վ կ’ուզե հաճույքե զըրկվիլ։

147