Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ստանձնեց Չամուրճյան։ Նախ աշակերտներուն սկսավ սորվեցնել, թե ինչ գիրք առնելու է մեկն աղոթելու ժամանակ, թե ինչ զգուշությամբ ծռելու և գետինը համբուրելու է մեկը զայթակղության տեղի չտալու համար, և այս ուսումն կամ գիտությունը լավ տպավորելու համար աշակերտներուն... ծունկերուն մեջ, առավոտե մինչև երեկո այնչափ երկրպագություն ընել կուտար, որ խեղճերուն բանթալոններուն ծունկերը երկու օրը անգամ մը կը բացվեին։ Աշակերտներուն ծնողքը տեսնելով իրաց վիճակը, կաշիի կտոր մը կարեցին բանթալոններուն ծնկներուն վրա։ Աս ալ օգուտ չըրավ, և աշակերտներն սկսան իրենց բանթալոնը վեր առնելով աղոթք ընել։ Աս ալ չհաջողեցավ և վերջապես որոշվեցավ որ աշակերտներն իրենց բանթալոնը հանեն և այնպես աղոթեն։ Այս եղանակով քանի մը տարվան մեջ աղոթք ընելու գիտությունն անոնց սորվեցունելեն ետքը, սկսավ դասախոսել այն բաներու վրա, զորս չէր գիտեր։—Այո՛, չէր գիտեր, բայց սորվելու մեծ փափաք ուներ։ Ինքը ժամանակին հարգը լավ գիտեր. ինքնիրմե կ' աշխատեր գիշեր ցերեկ և անշուշտ այս անդուլ աշխատության շնորհիվն է, որ այսօր բավական լեզուներ գիտե, կ'ըսեն։ Եթե այսօր լեզուները խառնելու պետքն զգացվի՝ կարծենք իրմե ավելի արժանավոր և հաջողակ մեկը չպիտի կրնան գտնել։ — Երբ այգ աշակերտները եկեղեցի կ'երթային և դասուն ետևը շարվելով երկրպագություն կ'ընեին՝ ժողովուրդը կ'ըսեր, ապրին, ապրին, ի՞նչ ուսումնական տղաներ, և Չամուրճյան ինքզինքը փառավորված կը կարծեր ազգին այսպիսի ծունկ լոքող աշակերտներ հասցընելուն վրա։

1838-ին աղաչվեցավ ճեմարան մտնել իբրև փորձառու և իբրև ուսումնապետ։ Հոն մտնելուն հետևյալ օրը ծրագիր մը պատրաստեց և սկսավ գործադրել։ Այս ծրագրով աշակերտ մը ինը տարվան մեջ պիտի սորվեր հայերեն լեզուն այսպես.

Երեք տարի քերականություն.

Երեք տարի ճարտասանություն.

Երեք տարի տրամաբանություն.

43