Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դաս մալ կա, որ ամբողջ օրեր վարսավիրայի խանութներու առջև կը պարտի, որոշում տալու համար, թե ի՛նչ ձև տալու է մազերուն, որ օրիորդ ...ին հաճելի երևնա և յուր առջևեն չվռնտվի։


Թեթև դաս մալ կա, որու վրա թեթևությունը ծանրացած է. երբ ծանրացած է, կըսեմ, թեթևության քանակությունը կերեվակայեք անշուշտ, այս դասը կիրակի օրերը նավամատույցին վրա կսպասե, որ օրիորդ կամ տիկին ...ին հետ բարձրաձայն երկու բառ ֆրանսերեն խոսի։


Դաս մալ կա, որ առևտուրի մեջ կորուսածն խաղի մեջ վաստկելու համար խորամանկություն կը խորհի, հարուստներն ալ ունին այս ախտը, բայց անոնք բամբասանքե զերծ են, վասնզի ինչ որ ախտ է աղքատի համար անմեղ զբոսանք կը համարվի հարուստի համար։


Պզտիկ բացառությամբ թե՛ այրերն և թե՛ կիները պճնասեր են։ Չափեն ավելի կարևորություն կուտան հագուստներու, հետևապես այն, որ շքեղ հագված է՝ կատարյալ մարդ է. իսկ այն, որ պարզ հագված է՝ մարդ կոչվելու արժանի չէ։ Ուր որ ալ ըլլա, երբ կը տեսնես կին մը, որ հովահարով մը դեմքը կը հովհարե, նույնիսկ ձմեռվան ամենասաստիկ ցուրտ օրերուն մեջ, որ երեսները մեյ մը աջ մեյ մը ձախ կը դարձունե կես ծիծաղով, որ մեջքը միշտ կը կոտրտե և երկու րոպեին անգամ մը գլուխը կր շտկե, որ ձեռնոցները կը հանե, նորեն կը դնե, շրջազգեստը կը շտկե, չհավնիր, կը կանգնի, նորեն շտկելու ջանք կընե, երբեմն բերանը բանալով դիտմամբ կը խնդա, որ ակռաները ցույց տա. եթե չխնդար՝ գիտցիր, որ բերանին մեջ ակռա չկա, հասկցիր, որ այդ կինը միջագյուղցի է. իսկ երբ անոր քովը աղեկ հագված երիտասարդ մը գտնվի ու հետը խոսակցի, երբեմն ֆրանսերեն բառեր գործածելով, այդ կնկան սիկարա հրամցունե և քթին մեջ մտնելու չափ մոտենա. անոր՝ հազար ոսկիի գրավ դիր, որ ատոնց երկուքն ալ միջագյուղցի են. եթե կորսնցնես հազար ոսկին՝ եկուր ինձմե ա՛ռ։


Արևեն չայրելու համար՝ իգական սեռն, քիչ բացառու-