Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔՈԻՄ ՔԱԲՈԻ

Կ. Պոլսո մեջ երկու Քում Քաբու կա. ներքին Քում Քաբու և արտաքին Քում Քաբու, ինչպես Մասիսի մեջ երկու տեսակ լուր կա. ներքին լուր և արտաքին լուր։ Մասիսին լուրերուն արտաքինը ներքինեն որոշելու համար, երբեմն ուշադրություն պետք է, վասնզի շատ անգամ Ամերիկայի մեջ կնկան մը երեք զավակ մեկեն բերելուն լուրը Մասիսի մեջ ներքին լուրերուն տակը կը կարդացվի. ինչպես որ ուրիշ լրագիրներու մեջ շատ անգամ պատահած եմ հացագործի մը էշն, որ երբ փողոցի մեջ զռա՝ ներքին լուրերու մեջ կանցնի, իսկ երբ Պատրիարքարանի մեջ երգե՝ ազգային լուր կըլլա։ Իսկ Քում Քարուներու մասին այս շփոթությունները չկան. ներքինն երբեք արտաքինին մեջ և արտաքինն ալ բնավ ներքինին մեջ տեսնված չէ։ Բայց որովհետև առաջին անգամն է, որ ներքին Քում Քաբուն երթալ պտըտիլ կուզես՝ ես հանձն կառնեմ քեզի առաջնորդել։


Ժամը մեկ ու կես է. Մահսուսիյեյի շոգենավն ալ ճիշդ մեկ ու կեսին կամուրջեն կը մեկնի Քում Քաբու երթալու համար։ Վազե՛, բայց կաղաչեմ ուշադրություն ըրե՛, որ ծովը չիյնաս, երկաթյա կամուրջեն փայտյա կամուրջն անցած ատենդ։ Կը խնդրեմ, որ վերարկուդ ալ խնամքով կոճկես, վասնզի կամ ուրջին վրա կան տեսակ մը մարդեր, որ գրպանդ կը խառնեն և ինչ որ գտնեն հոն՝ կառնեն... այս տեսակ մարդերու գավառներու մեջ քայմագամ անունը կուտային անցյալները թուրք լրագիրները։ ժամը երկու զարկավ, և շոգենավը տակավին տեղեն չշարժիր. համբերե՛, հիմա կը