Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց այս արգելքն խղճի մտոք կը հարգվի։ Քում Քաբույի մեջն ես, բարեկամ, և այդ շենքն ալ Պատրիարքարան է. Պատրիարքարան ըսվելուն բուն պատճառն ալ անկանոն ընթացք մը ունենալն է։ Պաշտոնյաները կսկսին գալ. զքեզ բռնող երկու մարդերն առաջնորդեն քեզի սենյակ մը ուր սև աչերով, սև ընքվիներով, կլոր և սիրուն դեմքով մարդ մը անուշությամբ քու որպիսությունդ, թաղդ, տարիքդ և արհեստդ հարցունելեն ետև կըսե.


— Պարոն, երեք տարվան ազգային տուրք պիտի վճարեք, յոթանասունհինգեն՝ երկու հարյուր քսանևհինգ դահեկան։


Ներումն կը խնդրեմ. եթե գիտնայի որ ազգային տուրքդ վճարած չէիր՝ կը հորդորեի զքեզ Պատրիարքարանի փողոցեն չանցնելու. բայց որովհետև անգամ մը մտած ես հոն պարտքդ տալու ես առանց վշտանալու, վասնզի յուր պարտքը վճարելու անհոգություն ընողներուն համար Պատրիարքարանն ասկե ավելի դյուրին ճանբա չէր կրնար գտնել։


Պատրիարքարանեն դուրս ելնելուդ պես դիմացի դռնեն ներս մտիր. Մայր եկեղեցին է այն: Այս եկեղեցվույն մեջ ժամանակավ ամեն օր սուրբ պատարագ կը մատուցվեր, իսկ հիմա շաբաթը հազիվ մեկ անգամ պատարագ կըլլա հոն: Քսանը յոթ. քահանա ունի այս եկեղեցին, որոնք Ենի Քաբույի և Կետիկ Փաշայի եկեղեցիներու մեջ ալ պաշտոն կը վարեն. սակայն չկարենալով իրենց օրական ապրուստը ճարել, որովհետև շատ կ’ուտեն, շատ անգամ իրենց ծուխերուն տուները կը մնան, անոնց ննջեցելոց հոգվույն համար կուտեն, կը խմեն։ Ասոր համար է, որ շատ անգամ եկեղեցվույն մեջ քահանա չգտնվիր։ Մայր եկեղեցվո բակը երկու գերեզման կը տեսնես, ասոնց միույն մեջ թաղված է Տատյան Պողոս ամիրա և մյուսին մեջ կը քնանա Պեզճյան Հարություն, որ երկու հազար դահեկան ամսական կտակած է Մայր վարժարանին, հազար դահեկան ամսական արտաքին Քում Քաբույի վարժարանին և հիսուն դահեկան ամսական բանտի եկեղեցվույն ափսոս, որ ազգային լրագիրներուն համար և Պատրիարքա-