Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛:


— Դուք երկուքնիդ ալ ավանակ եք եղեր... վարժարանի մը համար իրարու սիրտ կոտրել ի՞նչ պիտի ըլլա. ես ալ կարծեցի, որ օգտակար բանի մը համար կը վիճեիք... ա'յ ավանակներ։


Վիճաբանողներն այս դիտողությունն իրավացի կը գտնեն, կը զղջան, որ չնչին խնդրո մը համար զիրար վիրավորած են, կը պագտվին, կը հաշտվին և ուխտ կընեն, որ մեյ մալ վարժարանն իրենց բերանը չառնեն։


Թաղականի կռիվները հոս պակաս չեն։ Երբ Թաղական Խորհրդո ընտրոuթյան ձեռնaրկվի` մարդուն մեկը Դիոգինեսի լապտեր մը կառնե երեք հազար հոգիեն ինը հոգի գտնելու համար, և դարձյալ չհաջողիր։ Թաղական ըլլողն կա՛մ վեց ամիսեն հրաժարական կուտա և կամ յուր անկողինը Թաղական խորհրդարանը կը փոխադրե։


Սալմաթոմրուքի մեջ կան քանի մը մարդեր, որոնք մեծ գործ մը տեսնելով անմահանալու համար իրենց շանը պոչը կը կտրեն։


Քսանի չափ հարուստներ կան, որոնք ազգային բարենպատակ գործերուն համար իրենց քսակը չեն խնայեր։ Ասոնցմե տասն և ութ հատը անցյալ տարի իմանալով, որ Դպրոցասիրաց Արևելյան ընկերությունն իրենց պարահանդեսի տոմսակ պիտի ղրկե՝ անմիջապես տեղ մը հավաքվեցան և որոշեցին թաղը ոտք չկոխել, մինչև որ պարահանդեսը տրվի։


Հոս ալ ուրիշ թաղերու պես շատ մը ընկերություններ կազմված են և կործանված են։ Ա բ գ—ի ընկերությունը հաստատված օրն՝ թաղեցին կը հուսար, որ հիմնական կերպով սկսված սույն ընկերությունն աա բբ գգ պիտի գար ախչ, բծպ, դկշ, դհռն և բա, բե, բի կարդալով՝ օր ըստ օրե հառաջ պիտի երթար... Ընկերությունն այսօր յուր անունն իսկ մոռցած է։ Ուրիշ քանի մը ընկերություններ ալ կազմվեցան, բայց անոնք և о ֆ-են սկսած ըլլալով՝ խիստ կարճատև կյանք ունեցան։ Հիմա ճ մ յեն ընկերություն մը հաստատելու միտք ունին։ Այդ ընկերություններն որքան որ անուն չունին այսօր՝ դրա¬