Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մագլուխ մը ունին, որ կսւզմված է քսանը մեկ հատ երկաթուղվո բաժնետոմսե, վաթսունը վեց և երեք քառորդ արծաթ մեճիտե, քսան փարայե, տասն ոսկիե, երկուք ու կես ոտք ունեցող թիկնաթոռե ու մեջը պարապ մեկ մելանի շիշե: Այս դրամագլուխը կը պահպանեն քանի մը անձեր ազատ և անկախ որևէ պաշտոնական և ոչ-պաշտոնական երաշխավորութենե և պատասխանատվութենե, և թաղեցին կը խպնի երթալ այդ անձերե ստորագրություն առնել:


Պզտիկ մաս մը կա այս գյուղին մեջ, որ երբեմն կը շարժի, երբ... երկրաշարժ ըլլա։ Բայց մեծ մասն անշարժ ըլլալով լուսավորությունը կը կաղա հոն։


Իգական սեռը արականեն ավելի պարկեշտ է։ Աղեկ հագվելու բնավ հոգ չտանիր, ամեն օր ալ չհագվիր, տարին անգամ մը կը հագվի, մնացած օրերը գիշերազգեստով պատուհանին առջև կը նստի և ֆես կը հյուսե: Ասոնց համար տոնի օր չկա. չորս տարին անգամ մը կերթան եկեղեցին, որ իրենց քթին քովն է, և իրենց քիթն ալ մեծ չէ, որ եկեղեցվույն հեռավորությունն պատճառ բռնեն։ Ասոնք լալըն կը հագնին եթե չորս տարին անգամ մը եկեղեցի երթան։ Այս թաղի կիներուն հայերեն խոսակցությունն ուրիշ թաղի կիներուն խոսակցութենեն կը զանազանի սա կետին մեջ, որ ուրիշ թաղի կիներն հայերենի մեջ տաճկերեն բառեր կը խառնեն, մինչդեռ ասոնք տաճկերենի մեջ հայերեն բառեր խառնելով հառաջ կը տանին մայրենի լեզուն։ Ասոնք կարող են Մշակի մեջ հայերեն հոդվածներ գրել:


Այս թաղն առողջ օդ մունի. և եթե թաղեցին գեշ օդի մը մեջ աշխարհ գալու ստիպվեր մեռած պիտի ծներ։