Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարուստ աղջիկ մը առնելով պիտի լմնցունեմ ամուսնության գործն, որու համար միայն եկած եմ հոս... այս ամուս...»:


Աղյուս բեռցված էջերու կարավանեն էշ մը բախվելով Աբիսողոմ աղային դեմ՝ ընդմիջեց զայն իր խորհրդածություններու մեջ, ուր ընկղմված ըլլալով ուշադրություն չէր ըներ առջևեն եկող էջերուն, որովք լի է միշտ Բերայի մեծ փողոցը։


— Մեկդի կեցիր, ըսավ իշավար պարսիկն Աբիսողոմ աղային, արդարացնել ուզելով յուր էջը։


— Ատ խոսքը առաջ ըսելու էիր, որ զգուշանայի, պատասխանեց Աբիսողոմ աղան և ճանբան շարունակեց։


Բ

Բեռնակիրներն ոչ լսած և ոչ ալ տեսած էին Ծաղկի փողոցն, բայց քաջալերվելով կարգ մը մարդերեն, որք գիտնալ կը ձևացունեն, ինչ որ չեն գիտեր, և որք խիստ բազմաթիվ են մեր ազգին մեջ, համարձակած էին ըսել Աբիսողոմ աղային, թե շատ աղեկ գիտեին Ծաղկի փողոցը։


Բեռնակիրներուն այս հանդգնությունն այնքան պարսավելի չէ, որչափ այն մարդերունն, որ խոհարարություն ուսած են և բանադատություն կընեն, կամ քիչ մը երկրաչափության պարապած ըլլալով՝ աստղերուն շարժումներուն վրայոք կը ճառեն, կամ երկու սագ և չորս կով մեծցուցած ըլլալով՝ դաստիարակության խնդիր կը հուզեն, կամ զավակ մունեցած ըլլալովն, առաջին մարդուն որ աշխարհի մեջ ծնած ըլլալուն վրա կատենաբանեն, կամ վերջապես անանկ նյութի մը վրա կը խոսին, որ բոլորովին օտար է իրենց, այո՛, այս մարդերուն հանդգնությունն ավելի պարսավելի է, վասնզի բանադատությունն կամ աստղագիտությունն կամ մանկատածությունն և այլն Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներուն հարցնելով անմիջապես սորվի մարդ։ Եվ արդարև բեռնակիրներն ամեն քայլափոխին իրենց դեմն ելնողներուն հարցանելով՝ անմիջապես գտան Ծաղկի փողոցն և թիվ 2 տան դուռը զարկին, մինչդեռ ես շատ ատենաբաններ մտիկ ըրած եմ, որ յոթը