Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րանեն կելնե, և հայրը վաճառական մը կը փնտրե, որ աղան անոր քով գրագրության տա։ Իսկ երբ հայրն չհաջողի զավակը վաճառականի մը քով գրագրության դնել կը սրդողի և կը զղջա յուր տղուն այնչափ ուսմունք սորվեցուցած ըլլալուն համար։


— Կարապետ աղա, զավկիդ տեղ մը գտա՞ր։


— Չէ, ուսմունքն ալ պարապ բան է եղեր, եղբայր. տղաս տասնևվեց տարի կարդալ տվի, որ ուսումնական ըլլա և վարժարանեն ելնելուն պես վաճառականի մը քով դնեմ, որ մարդ ըլլա։ Ամեն բան գիտե, կրակի պես է, գրիչեն արյուն կը կաթե, բայց ի՞նչ օգուտ։


— Վաճառական մը չգտա՞ր։


— Քանի մը վաճառականներու ներկայացուցի զինքը, բայց այդ վաճառականներն ալ տգետ ըլլալով՝ տղուս հարգը չեն ճանչնար, մյուս տղաս պիտի հանեմ վարժարանեն և արհեստի պիտի տամ:


— Շատ լավ կընեք։


Եկեղեցվույն մյուս կողմն է աղջիկներու վարժարանն, որու վրա ալ ժամանակավ Գոհարիկյան վարժարան գրված էր և վարժարանին մեջ քիչ-շատ ուսում կար, իսկ հիմա Գոհարիկյան վարժարան անունն և ուսմունքն վերցված են իբրև ավելորդ բաներ և միայն վաթսունի չափ աղջիկներ կերթան կուգան իրենց կերածը մարսելու և քալել սորվելու համար, վերջինը կրնա օգտակար ուսում մը համարվիլ, վասնզի շատ աղջիկներ քալելու կերպն ալ չեն գիտեր։


Թաղիս թաղականները գրեթե բնավ չեն փոխվիր. մեկ կողմե հրաժարական կուտան, մյուս կողմե հրահանգ կը ղրկվի Պատրիարքարանեն, հին թաղականները նորեն կընտրվին և առոք փառոք պաշտոնի գլուխ կանցնին և կսկսին գործել։


Վիճաբանության մեջ թաղականներու գործածած պաշտոնական լեզուն հետևյալն է։


— Շունշանորդի՛, ես քեզի չըսի՞, որ այդ գումարը հաշվույն չանցունես։


— Փատի կտո՛ր, ինչո՞ւ պիտի չանցունեմ եղեր։