Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը շրջին և անմեղ սիրահարություններով ժամանակ կանցունեն։


Ահա թաղին մեջ կը բնակի Փանոսյան, խմբագիր Մանգումեյի, բայց չգիտցվիր, թե թաղին վարժարանին վրա ինչո՞ւ հոգ չտանիր։ Հոս կը բնակին նաև քանի մը բժիշկներ, որոնցմե մին անցեալները մինչև որ ստակը չառավ՝ տունեն դուրս չելավ աղքատ հիվանդի մը երթալու համար։ Հարուստներն ալ պարտավոր են հոս նախ բժշկին այցելութեան գինը ղրկել և ապա աղաչել բժիշկն, որ բարեհաճի գալ և իրենց հիվանդն... մեռցունել։ Այն ատեն բժիշկը վազելով կերթա։


Հոս է Վարդովյանի թատրոնը, որ ձմեռվան եղանակին մեջ ներկայացումներ տալով ժողովուրդը կը կրթե։ Քանի մը ատենե ի վեր հայերեն ներկայացումներն արգիլված ըլլալով Բարձրագույն Դռան կողմե՝ միայն տաճկերեն լեզվով ներկայացումներ կը տրվին։ Քաղեցին ալ վախեն հայերեն չխոսիր, որ Բարձրագույն Դռնեն դիտողություն մը չըլլվի իրեն։


Այս թատրոնեն օգուտ քաղելով քանի մը խաբեբաներ չորս կանգուն երկայնությամբ և մեկ ու կես կանգուն լայնությամբ հայտարարություններ կը հրատարակեն, փառավոր ներկայացում, սքանչելի ներկայացում, խիստ շքեղ ներկայացում, արտաքո կարգի ներկայացում, ներքո կարգի ներկայացում և այլն ըսելով խեղճ ժողովրդյան քթեն կը բռնեն և անճոռնի ներկայացումներ տալով ժողովրդյան քսակը կը պարպեն։ Հոս թատրոնի դռնապանն հեղինակ կըլլա և ողբերգություն մը կը գրե՝ եթե առավոտ մը քսակին մեջ ստակ չգտնե։ Քատրոնի տեսարանին վրա փառավոր ներկայացումներ տրված են շնորհիվ Վարդովյանի անդուլ աշխատությանը, բայց տեսարանեն դուրս օթյակներու մեջ ալ ներկայացումները պակաս չեն եղած։ Քիչեր են, որ թատրոն կերթան՝ ներկայացված խաղը տեսնելու համար, շատերը օթյակներու մեջ կը նային՝ իրենց փնտրած անձերը գտնելու համար։


Երբ մարագույրը բացվի՝ հանդիսականները ուժգին ծափահարությամբ կողջունեն դերասաններն և իրենց երեսը կը դարձունեն դեպի օթյակները. շատ անգամ ծափահարություն