Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը կը լսվի այնպիսի վայրկենի մը մեջ, ուր բնավ հարկ չկա ծափ զարնելու։ Հանդիսականներեն ոմանք կըսեն.


— Ի՞նչ անպիտան մարդեր կան. հիմա ծափահարություն ընելու ի՞նչ կա։


Եվ չեն գիտեր խեղճերն, որ ծափահարություն ընողն խաղին համար չըրավ, այլ յուր սիրուհիեն ժպիտ մը կամ նշան մը առած ըլլալուն համար ծափ զարկավ։


Հնդհանրապես ուրիշ թաղերե ազգայիններ կուգան թատրոն։ Կետիկ փաշացին շռայլություն կը համարի տարին անգամ մը թատրոն երթալը։ Եվ արդեն հոս բնակողներուն մեծ մասը ոսկվո միայն երկրպագություն կընեն և ոչ ուրիշ բանի: Կան քանի մը հոգիներ, որ տարին անգամ մը կրնան թատրոնեն ներս մտնել ան ալ եթե հաջողին չքշված պակաս ոսկիները թատրոնի տոմսավաճառին կլլեցունել։ Եթե տոմսավաճառն դիտողություն ընելով հայտնե ոսկվո պակաս ըլլալն սա պատասխանը կառնե.


Եթե մեր ոսկին պակաս է՝ ձեր տալիք խաղն ալ լման չէ ա՛։


Ուրիշներն ալ տնտեսագիտության համար իրենց ընտանիքները կառնեն և փողոցի մեջ թատերաբեմին ետևի կողմը այնին, որ անկից լսեն ներկայացումն, մեկ մասն ալ տոմսավաճառի և կամ ուրիշ պաշտոնյայի մը հետ խոսքը մեկ ընելով՝ ձրի կը մտնե թատրոնեն, և Վարդովյան կը կարծե, թե այս անկարգություններուն առաջքն առնելով դրամ պիտի վաստկի։


Կետիկ Փաշայի դիրքը բարձր է և օդն ալ գեշ չէ. միայն թե մարդս յուր տունեն մինչև որ շուկա երթա՝ հազար ու մեկ գույն փոշիներու մեջ կը լողա, եթե լողալ չգիտնա՝ կը խեղղվի։