Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հապա, Աբիսողոմ աղային անկողինն ու սնտուկները բերին, ինքն ալ հիմա կուգա։


— Իրա՞վ կըս ես, կնիկ։


— Սուտ ինչո՞ւ պիտի խոսիմ։


— Շատ աղեկ ուրեմն. երթամ պատվական միս մառնեմ ու գամ:


Մանուկ աղան անմիջապես տունեն դուրս ելավ և հազիվ թե քանի մը քայլ առած էր՝ կինը ետևեն պոռալ սկսավ.


— Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա...


Մանուկ աղան ետ դարձավ.


— Միսն ինչո՞վ պիտի եփենք, հարցուր կինը։


— Կուզես գետնախնձորով եփե՛, կուզես լուբիայով։


— Ատ չէ իմ ըսածս, ածուխ չունինք, քիչ մալ ածուխ առնեիր։


— Շատ աղեկ, պատասխաներ Մանուկ աղան և սկսավ երթալ։


— Մանո՛ւկ աղա, Մանո՛ւկ աղա, կանչեց տիկինը նորեն:


Ետ դարձավ Մանուկ աղան։


— Աղեկ ա՛, մինակ միսով չըլլար, քիչ մ՝ալ բրինձ ա՛ռ, որ ապուր մալ շինենք:


— Աղեկ ըսիր, կնի՛կ, քիչ մ՝ալ բրինձ առնենք։


Մանուկ աղան այս անգամ վազելով սկսավ երթալ, փողոցը դառնալու վրա էր, երբ կինը բոլոր ձայնովն ետևեն զայն կանչեց.


— Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա... Ման...


Կանգ առավ էրիկն և վերստին ետ դարձավ՝ այս անգամ դեմքին զվարթության վրա քիչ մը զեղչ ընելով։


— Ի՞նչ կ՝ուզես...


— Մարդ Աստուծո, շոգեկառքի պես կը վազես, ձայնս մարեցավ։ Սոխ չունինք, աղ ալ չունինք, քիչ մայ կազ կամ ճրագ առնելու է, որ վառենք, մարդը մութո՞ւն պիտի նստեցունենք։


— Աղեկ ա՛, ամենը մեկեն ըսե, որ նպարավաճառին երթամ և պետք եղածներն առնեմ, հարյուր անգամ ետևես կանչեցիր: