Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայց որովհետև մարդս անոթի եղած ժամանակը գիրք չկրնար կարդալ, ինչպես նաև չկրնար գիրք գրել նորեն բարձին վրա դրավ Զեն Հոգևորն, վասնզի փորն կիմարուներ իրեն, թե Զեն մարմնավորին պետք ուներ, և սկսավ սենյակին մեջ պարտելու։


— Չաղաչեմ, Աբիսողոմ աղա, որ ձեր տունին պես հանգիստ ընեք, ըսավ տիկինը՝ սենյակ մտնելով։


— Անհանգստության պատճառ մը չունիմ, միայն թե անոթի եմ և կերակուր ուտել կուզեմ։


— Կերակուրդ պատրաստվելու վրա է, հիմա պիտի բերեմ, ըսավ տիկինը և դուրս ելավ նորեն դռան առջև էրկանը սպասելու համար։


— Ի՞նչ տեսակ կնիկ է այս, ըսավ Աբիսողոմ աղան, երբ առանձին մնաց, զիս անոթի կը պահե և կը պատվիրե, որ հանգիստ ըլլամ, անոթի մարդը հանգիստ կրնա՞ ըլլալ... — Սեպե՛ թե ես ալ քու քույրդ եմ կամ աղջիկդ եմ, ըսավ վաթսնամյա տիկինը դարձյալ ներս մտնելով, եթե բան մը ուզես՝ մի՝ քաշվիր, ըսե ինձի, որ բերեմ։


— Շնորհակալ եմ։


— Ես կուզեմ, որ իմ տունս եկող հյուրերը չնեղվին։


— Կը հասկնամ. հիմակուհիմա կերակուրեն ուրիշ բան չեմ ուզեր:


— Կերակուրը պատրառտվելու վրա է, հոգ մի՛ ըներ...


Տիկինը դեռ պիտի շարունակեր յուր բանակրությունն, բայց դուռը զարնվելով՝ դուրս վազեց շուտով, որպեսզի դուռը բանա, էրիկը դիմավորե և բերած պաշարներն առնե ու կերակուր եփե։


— Ողջույն, տիկի՛ն, ըսավ մէկը դուռը բացվելուն պես։


Հարկ չկա ըսելու, թե եկողը կրոնավոր մ՝էր, ինչու որ անոնք միայն կը գործածեն ողջույնը։


— Օրհնյա՛ տեր, պատասխաներ տիկինը։


— Ի՞նչպես եք, աղե՞կ եք, տիկին։


— Փառք Աստծո, տեր հայր։


— Մանուկ աղան հիմա դեմս ելնելով՝ իմացուր, որ հյուր մը եկած է ձեզի այսօր, ես ալ եկա, որ հետը տեսնվիմ։