Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ աղեկ ըրեր եք, ներս հրամմերեք, տեր հայր, ըսավ տիկինն՝ ցույց տալով խուցն, որուն մեյ Աբիսողոմ աղան յուր անոթությամբը կզբաղեր։


Քահանան ներս մտավ։


Աբիսողոմ աղան ոտք ելավ։


— Ողջույն, Աբիսողոմ աղա։


— Օրհնյա՛, տեր հայր։


— Մեղավորս ձեր բարեպաշտության գալն իմանալով՝ աճապարանոք եկա ձեր ջերմեռանդության պատվական որպիսությունը հարցնելու, ի՜նչպես եք, Աբիսողոմ աղա։


— Աղեկ ենք:


— Միշտ աղեկ ըլլա՛ք, տեր Աստված ձեր մեռելոց արքայություն և կենդանյաց ավուրս երկարս պարգևեսցե։


— Շնորհակալ եմ. դուք ի՞նչպես եք, տեր հայր։


— Մեր աղեկությունը մի հարցունեք... ժամանակիս աղեկությունբ... տեր Աստված զձեզ համենայն փորձանաց և ի չարե ազատ պահեսցե. ժողովուրդն երբ աղեկ ըլլա՝ քահանաներուն ալ երեսը կը խնդա։


— Այնպես է, տեր հայր, պատասխաներ Աբիսողոմ աղան՝ յուր աչերն չզատելով բնավ խուցին դռնեն, ուսկից կերակուր կը հուսար։


— Օրհնած, ժամանակը շատ գեշ է. ժողովուրդը շատ նեղություն կը քաշե, այս պատճառավ ջերմեռանդությունն ալ օր ըստ օրե պակսելու վրա է։


— Իրավ է։


— Բայց ի՞նչ պիտի ընենք, ի՞նչ կուգա մեր ձեռքեն համբերելեն զատ... Սուրբ գիրքը կըսե. «Որ համբերեսցէ իսպառ, նա կեցցէ»։


— Այնպես է:


— Եթե չհամբերենք՝ բարկանալ պետք է, և մարգարեն կըսե. «Բարկանայք և մի՛ մեղանչեք»:


— Ճիշտ է, պատասխաներ Աբիսողոմ աղան, որուն ականջը բնավ չէր մտներ քահանային խոսքերը և որ քահանային ներկայութենեն նեղություն կիմանար. վասնզի, ինչպես