Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտեն ընթերցողները, կերակուրեն ուրիշ բանի պետք չուներ:


«Զի ոչ հացիւ, միայն կեցցէ մարդ, այլ բանիւ Տեառն»:


Քահանան քթախոտի տուփը ծոցեն հանեց և երկու մատերովը քթախոտ լեցուց քթին ծակերուն մեջ և հետո, տուփը Աբիսողոմ աղային երկնցնելով՝


— Հրամմեցե՛ք, օրհնա՛ծ, ըսավ։


Աբիսողոմ աղան շնորհակալությամբ առավ տուփն և քիչ մը քթախոտ քաշեց։


— Քիչ քաշեցիք, Աբիսողոմ աղա, կաղաչեմ, անգամ մալ քաշեցեք, քթախոտը վնասակար բան մը չէ։


Աբիսողոմ աղան անգամ մալ քաշեց, որպեսզի խոսքը չերկարի, և հյուրը մեկնի։


— Ինչո՞ւ աղեկ մը չեք քաշեր, Աբիսողոմ աղա, կրկնեց քահանան, շատկեկ քաշեցեք։


— Շնորհակալ եմ, տեր հայր, սովորություն չունիմ։


— Կը խնդրեմ, մեղավորիս խոսքը մի՛ կոտրեք, քիչ մալ քաշեցեք։


— Ա՛լ չես քաշվիր, ըսավ Աբիսողոմ աղան մեկուսի և քիչ մալ քաշեց։


— Գավիթ մարգարեն կըսե որ՝ «Մարդոյ որպես խոտոյ են աւուրք իւր...»։


— Քթախոտին համար կըսե։


— Չէ՛, մեզի համար կ՝ըսե... և մենք ալ աշխատելու ենք, որ այս վաղանցուկ կյանքին մեջ ուրիշներուն բարիք ընենք, աղքատ տնանկները խնամենք և երբեմն ալ մեր ննջեցելոց հոգվույն համար աղոթենք։


— Այնպես է։


— Պատրաստ գտնվելու ենք, որ կանչվելնուս պես երթանք։


— Իրավ է։


— Մեղավորս պիտի համարձակիմ խնդիրք մը ընել ձեր բարեպաշտությանը և կը հուսամ, որ չեք մերժեր, վասնզի ձեր բարեպաշտությունը և ջերմեռանդությունը շատ աղեկ կը ճանչնամ մեղավորս։


— Հրամմեցե՛ք։