Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ածիլվելու մազեր կան տակավին երեսիդ վրա ասդին անդին: Ասանկ ձգելն մեզի անպատվություն է։ Դուն սանկ դիր գլուխդ և հանգիստ եղիր։


— Պե ճանըմ, զորով զիս տանջել կուզես, ի՞նչ ըսել է աս, ես քու խաղալի՞կդ եմ, պատիվդ պաշտպանելու համար իմ երե՞սս ընտրեցիր ասպարեզ. դահիճի պես գլուխս տնկվեր, կեցեր ես։


— Բարկացած կերևաք կոր, անոր համար չեմ ուզեր պատասխանել, միայն կաղաչեմ որ քիչ մը համբերեք ու լմնցնենք սա գործը։


Սափրիչը կը հաջողի նստեցնել Գասպար աղան, որ գլուխն սափրիչին տրամադրության տակ դրած՝ անոր ածելիին քերթվածներուն վանկերը կը համրե ակռաները սխմելով։ Բայց վերջապես համբերությունը կը հատնի և հանկարծ աթոռեն կը ցատկե՝


— Հերիք, պե մարդ, հերիք, արյան մեջ ձգեցիր երեսս, ըսելով։


— Լմնցավ, լմնցավ, կը պատասխանե սափրիչն և պաղ ջուրով կը լվա Գասպար աղային երեսը։


— էո՜ֆ, էո՜ֆ....։


— Տես, դադրեցավ արյունը, չորս տեղեն միայն կը բխի կոր, ան ալ քիչ մը բուտրայով կանցունենք հիմա։


— Ըրէ՜, եղբայր, ինչ որ պիտի ընես և լմնցուր. պիթ՝ տիմ պե ատա՛մ, պիթտիմ։


— Չեմ ուրանա, թե մորուքդ քիչ մը սերթ է։


— Առաջուց ըսինք, ձեզի, էֆենտիմ։


Սափրիչն յուր բոլոր ուժն կսպառե բրնձի փոշիով դադրեցնել արյունահեղությունը և չհաջողիր։


— Հարյուր տրամի մոտ արյունս հանեցիր, պե ատա՛մ:


— Ծո՛, սա շիշեն տուր։


Աշակերտը սրվակ մը կը բերէ, պարունակությունն դժոխային քարե պատրաստված բաղադրություն մըլլալու էր, որովհետև ամեն անգամ, որ փետուրի մը ծայրով կը քսեր