Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն ջուրեն Գասպար աղային երեսը, Գասպար աղան դժոխածին ցավեր կզգար և վեր—վեր կը ցատկեր։


— Ահա լմնցավ, սիրտդ հանգիստ ըլլա, ըսավ սափրիչը Գասպար աղային, սրվակն աշակերտին դարձնելով։


— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, պատասխաներ Գասպար աղան։


— Հիմա մազերդ։


— Չէ՛, չէ՛, չեմ ուզեր, մազերս թող մնան՝ ըսելն, հինգնոց մը նետելն ու դուրս ելնելն մեկ ըրավ Գասպար աղան։


— Այսչափ ալ աքսի մարդ բնավ տեսած չունեի, մռմռաց ինքն իրեն սափրիչը։


Իսկ Գասպար աղան ինքզինքն փողոցի մեջ գտնելուն պես հառաչեց ու ողբաց ասպես.


— Աս ի՜նչ թոհաֆ աշխարհ է, գլուխնուս պիլե տեր չենք կրնար կոր ըլլալ...։


Մելքոն աղան՝ խոնջած ցերեկվան աշխատություններեն, կարողոլթյուն չունի հետիոտն երթալ տունը, Սամաթիա, ուստի կ՝որոշե թրամվեյով երթալ և ինքզինքը կը նետե թրամվեյի կառքին մեջ, ուր մեկ մարդու համար տեղ մնացած էր միայն։ Հազիվ կը նստի Մելքոն աղան, և ահա միջին հասակով, գիրուկ անձ մը կը մտնե կառքն և Մելքոն աղան տեսնելով՝


— Շատ ուրախ եմ, կըսե, ձեզի հոս տեսնելուս համար։


— Ես ալ նույնպես, կը պատասխանե Մելքոն աղան։


— Ձեզի խոսելիք ունիմ. բայց նախ և առաջ կրնա՞ք արդյոք ինձի ալ ձեր քովն առնել, սանկ քիչ մը իլիշմիշ ըլլամ, սանկ պզտիկ տեղ մը բանաք նե՝ բավական է ինձի համար, ես կրնամ սղմիլ, արդեն պզտիկ մարդ մ՝եմ։


Մելքոն աղան յուր բարեկամին տեղ շինելու համար ասդին կը դառնա, անգին կը դառնա, աջ ծունկը ձախին վրա կը դնե, պզտիկնալու կը ջանա։ Մելքոն աղային այս ձգանց միջոցին բարեկամն՝


— Ահ, ինքզինքդ ինձի համար անհանգիստ մի ըներ, ես