Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեդրաք աղան կը ձեռնարկե նոր կոշիկներն հագնելու։ Կոշիկները կապստամբին։


— Ոտքդ ուժով կոխե՛, կը պոռա կոշկակարն։


— Ոտքի վրա ել ու այնպես կոխե, կըսե կոշկակարին քալֆան։


— Ուժով ոտքդ գետինը զարկ, կը խրատե կոշկակարին աշակերտը։


— Ծո՜, սա փոշիեն ցանե քիչ մը կոշիկներուն մեջ, որ Սեդրաք աղային ոտքերը դյուրությամբ սահին ու մտնեն, կը հրամայե կոշկակարն պզտիկ աշակերտին։


Հրամանը կը կատարվի։


Կոշիկներն՝ հաստատամիտ են։


— էո՜ֆ, քրտնեցա, պե ատամ, կըսե Սեդրաք աղան՝ երեսը թթվեցնելով, քեզի քառասուն անգամ ապսպրեցինք, որ մեծ ըլլան, լայն ըլլան, երկար ըլլան։


— Կերևա, որ ոտքերդ ալ քրտնած են և անոր համար...


— Չէ, քուզում, չէ, ճանըմ... կոշիկները նեղ են։


— Անգամ մը հագնիս նե՝ կը բացվին։ Լայն ոտքի ամաններն ավելի կը վնասեն նասըրներուն։


— Չեմ կրնար կոր հագնիլ։


Կոշկակարն քալֆայովն և աշակերտներովն Սեդրաք աղային օգնելու կերթա։ Երկու հոգի Սեդրաք աղային թևը կը մտնեն, կոշկակարը Սեդրաք աղային մեկ ոտքը կը բռնե և կաշխատի կոշիկին մեջ դնել։ Ամբողջ կոշկակարյան խումբը կը քաջալերե Սեդրաք աղան.


— Հա՛, հա՛, կը մտնա կոր...


— Քիչ մ՝ալ համբերություն...


— Քիչ մալ հաստատամտություն...


— Օն, քաջալերվե՛...


— Վա՛յ, վա՛յ, վա՛յ...


— Քիչ մը Դիմացիր, էֆենտիմ...


— Անգամ մը մտնա նե...


— Ոտքս կտրեին նե՝ ավելի աղեկ էր...


— Հա՛, հա՛, քիչ մնաց...