Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մլուկներն ոչ թե միայն անկողնույն մեջ բանակատեղի հաստատած են, այլ պատերուն վրա ևս կելնեն ու կիջնեն։ Գամիկ աղան մինչև առտու կը տքնե։ Ի՞նչպես։ Ամենուս հայտնի է, մարդ չկա, որ կենաց մեջ գոնե անգամ մը մլուկներու բանակին մեջ չիյնա։


Հետևյալ առավոտ Մարկոս աղան և տիկինն կը հարցնեին Գամիկ աղային.


— Ի՞նչպես անցուցիք գիշերը։


— Շատ հանգիստ։


— Մլուկ կա՞ր։


— Չկար։


— Ի՜նչ մինչև որ մլուկները սատկեցուցի նե, կը պատասխաներ տիկինը։


— Մնաք բարով, ձեզի նեղություն տվի։


— Ատ ի՞նչ խոսք է, այս գիշեր ալ հրամմեցեք, դարձյալ հրամմեցեք, Գամիկ աղա։


— Գլխուս վրա։


— Տունը բարև ըրեք։


— Լավ։ Մնաք բարով։


— Երթաք բարով։


— Երթաք բարով:


— Վայ, Գամիկ աղա, վայ, ըսավ տիկինը վերջին անգամ և դուռը գոցելով ներս մտավ էրկանը հետ։


Գալով Գամիկ աղային՝ հսկայաքայլ կերթար մռմռալով.


— «Գիտեմ ես, մարդու տուն մնալն ասանկ է, մարդս յուր տունին մեջ միայն կրնա հանգիստ ըլլալ. զորով օղի խմե, մինչև ժամը երեք անոթի փորանց քացախ խմե, բերնիդ հարմար կերակուր մի՛ գտներ, ցամաք հացով կշտացի՛ր, պարապ խոսքեր մտիկ ըրե՛, այնուհետև մինչև առտու քնատ մնացի՛ր. ինչո՞ւ համար, քաղաքավարության համար։ Այս քաղաքավարության տակեն պարզապես էշություն կ՝ելլե կոր: Իրենց ըսելու էի ես տասներկուքին կերակուրս կ՝ուտեմ, օղի չեմ խմեր, շատախոսութենե կը ձանձրանամ, քացախ խմելու սովորություն չունիմ, ձեր գանակները չեն կտրեր կոր, միսա—