Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կը բարկանամ։ Ամեն իրիկուն է աս, երթանք, այս գիշեր երթանք, երթանք այս գիշեր, այս գիշեր չերթանք նե, չըլլար... գլուխս ուռեցավ, հատա, լմնցա նե... Քանի օրվան կյանքս մնաց... երթա՜աաաաաաանք... կը լմնցնեն ա՛լ։


Կինը կը պատրաստե սեղանը, կը բերե կերակուրները։ Կուտեն, կելնեն սեղանեն, այցելության հագուստները կը հագնին և ճանբա կելնեն։


էֆենտին՝ որու տունը կերթային Մելիտոս աղան ու կինն, Մելիտոս աղային կնոջ ազգականն է։ Ընդհանրապես կանայք, որ հարուստ ազգական և աղքատ ամուսին ունին, իրենց հարուստ ազգականին վրայոք կը խոսին իրենց ամուսնույն շաբաթը առնվազն չորս անգամ երկու ժամ։ Եվ ի՜նչ խոսքեր։ Ավասիկ.


— էֆենտիին գորգը ի՜նչ աղվոր է, սրահն անանկ զարդարած է, որ դրախտ կը նմանի, ինչո՜ւ քուկին բանթալոնիդ ձևն աղեկ չէք էֆենտիին բանթալոնները միշտ ձևավոր են... էֆենտին հիսուն շեքի փատ է առեր առաջի օրը... էֆենտիին ոսկիե շղթան ո՜րչափ հաստ ու երկայն է... էֆենտին խոհարարը փոխեր է... գաղղիացի խոհարարուհի մը պիտի առնե եղեր... էֆենտին ամեն օր կառքով կերթա գործին գլուխը... էֆենտին... մեր էֆենտին շաբաթը երեք անգամ կածիլվի. տուն մալ պիտի գնե եղեր... էֆենտիին սեղանին վրա ամեն իրիկուն ձուկ պիտի ըլլա... էֆենտին առանց ձուկի չըլլար... էֆենտիին կինը կրոն շրջազգեստ մը հագած էր, որ կը վառեր կոր կարծես... էֆենտիին ձին անձնական տկարություն ունի եղեր քիչ մը... (բանավոր պատճառ մորով ազգային երեսփոխան մը կրնա բացակա գտնվիլ ժողովեն)։


Այս կանայք կը պնդեն նաև, որ գոնե ամիսը մեկ անգամ իրենց ամուսինները տանին իրենց հարուստ ազգականին տունը։ Կերևի թե կանայք փառավորվիլ, իրենց ամուսիններուն վրա ազնվականության կամ կրթության առավելություն մունենալ կը կարծեն՝ իրենց հարուստ ազգականին տունը տանելով իրենց ամուսիններն և ըսելով լռելյայն.


— Տես, ես հարուստ ազգական ունիմ, դուն ի՜նչ ունիս,