Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զիս հանդիմանելու մարդ ես, լաթերդ լվալու, կերակուր եփելու, տախտակ շփելու կնի՞կ եմ ես, ճանչցիր արժեքս և ըստ այնմ վարվե հետս։ Եվ եթե նորեն զիս տանջես, գիտցած եղիր, որ ամեն բան կը պատմեմ էֆենտիին և պատժել կուտամ զքեզ։


Մերևի դարձյալ, թե Մելիտոս աղան ալ այս՝ լռությամբ արտասանվելիք խոսքերը լռությամբ չլսելու համար էր, որ չէր ուզեր երթալ էֆենտիին տունը, բայց խոսքր, որպես կսեն, կարճ կապելու համար, հավանած էր երթալու և ճանբա ելած էր:


Հետևինք ուրեմն իրենք։


— Գիտցած ըլլաս, որ շատ չեմ նստիր, ըսավ Մելիտոս աղան կնոջն, երբ մոտեցան էֆենտիին տունը։


Բախեցին և բացվեցավ։


— Հրամմեցե՛ք, տիկին, ըսավ հարգանոք տանն սպասավորն և տիկնոջ թևը մտնելով սանդուխեն վեր հանեց։


Մելիտոս աղան սանդուխին առաջին աստիճանին վրա նստեցավ և հանեց յուր ոտքի ամաններն, որ քանի մի կարկատանք ունեին։ Հետո վեր ելավ, զգացված սպասավորի կողմեն իրեն եղած պարզ ընդունելութենեն և մտավ ընդունելության սենյակը։


էֆենտին քանի մի բարեկամաց հետ թուղթ կը խաղար։ Մելիտոս աղային տիկինն էֆենտիին տիկնոջը քովը նստած էր։ Վահրամն ալ, էֆենտիին աղան, հազիվ երկու տարեկան, սենեկին մեջ կը պտըտեր վանկեր շինելով։


Երբ Մելիտոս աղան ներս մտավ, էֆենտիին կինը գլուխք կես սանթիմեթրո ծռեց, որպես թե հյուրին բարևն առնելու համար, էֆենտին չտեսնել կեղծեց Մելիտոս աղան։


Մելիտոս աղան քիչ մալ զգացվեցավ և մռմռաց քթին տակեն, «Երթանք, երթանք, ահա եկանք»։


էֆենտիին բարեկամներն քաջալերված անշուշտ այն պաղութենեն, զոր էֆենտին ցույց տվավ Մելիտոս աղային, սկսան իրենց մեջ խոսիլ.


— Ի՞նչ անկիրթ մարդ է։