Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկավ, չիմացա գալը, ինչո՞ւ մեկ ծակը քաշվեր նստեր ես, չմոտենա՞ս։


— Ես ալ հոս եմ, տիկնոջս հետ եկա, գալս չիմացաք, հոս հանգիստ եմ, կը պատասխանե Մելիտոս աղան։


— Իրավ, ինչո՞ւ մինակ նստեր եք, մեր քովը եկե՛ք, նստեցեք, կըսեն էֆենտիին բարեկամներն, որ քիչ մառաջ անկիրթ և վայրենի պատվանուններով պատված էին Մելիտոս աղան։


Վահրամը Մելիտոս աղային պեխերը կը քաշե, մատն անոր աչքին կը խոթե և կուզե, որ տանտանա ընե զինքը։


Մելիտոս աղան կը հոգնի, բայց չի կրնար գետինը ձգել, որովհետև թող չեն տար։


ի՞նչպես։


— Շատ բան, շատ բան, Վահրամը որքան կը սիրե կոր Մելիտոս աղան, չնայի՞ս, անկե բաժնվիլ չուզեր կոր, կըսե Վահրամին մայրը։


— Բոլոր տղաքները կը սիրեն Մելիտոս աղան, կը պատասխանե Մելիտոս աղային կինը։


— Ձանձրություն տվավ քեզի, գետինը ձգե, Մելիտոս աղա, կավելցնե Վահրամին մայրը։


— Զանձրություն չտա՛ր ինձի, կը պատասխանե Մելիտոս աղան, որ թևերն վերցնելու կարողություն չունի։


— Տեր ողորմյա, ինչո՞ւ ձանձրություն տա.. տղու մը ձանձրությունն ի՞նչ պիտի ըլլա, արդեն Մելիտոս աղան խենդ կըլլա տղայոց համար։


— Ես խենդ կըլլամ տղայոց համար, կը կրկնե Մելիտոս աղան հևալով։


Վահրամը ցատկել, ցատկռտել կուզե։


Մելիտոս աղան կը գոհացնե Վահրամին կամքը։


— Հոգնեցար, Մելիտոս աղա, վար ձգե, կըսե նորեն Վահրամին մայրը։


— Չհոգնեցա, հոգ մի՛ ընեք, տիկին, կը պատասխանն Մելիտոս աղան շնչասպառ և մեկուսի կանիծե ժամն, հորում էֆենտիին տունն ոտք կոխեց։