Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սրբելով և հնչեցնելով զայն այնպիսի ահագնագոչ ձայնով մորու նմանն վերջին դատաստանի ահեղ օրը լսել կերևակայեր Մերկեր աղան:


— Բարաղամ աղան... էեփսուուուու...


Մերկեր աղան՝ թեև չախորժիր յուր բարեկամեն, ո՛չ ալ անոր երկարապատում ճառեն և քիթեն, կզգա սակայն, թե քաղաքավարության համաձայն չէ, որ ինքը աթոռի վրա նստած ըլլա, և հյուրն ոտքի վրա կայնի. ուստի կես բերան կըսե Ղուկաս աղային...


— Ներս չե՞ք հրամմեր քիչ մը։


Ղուկաս աղան անմիջապես տունը կը մտնե ըսելով.


— Կըլլա՞ մի յա... ժամանակն ուշ չէ՞ մի... ի՞նչ կսես... տղաքս չեն սպասեր... ձեզի ալ կոտրել չեմ ուզեր... սանկ քիչ մը նստիմ... առաջուց ըսեմ սակայն, որ շատ չեմ նստիր, չէէ։


Մերկեր աղան հյուրին հետ վեր կելնե։ Ղուկաս աղան կը նստի բազմոցին վրա, մեկ գրպանեն ծխախոտի տուփը կը հանե, մյուս գրպանեն քթախոտի տուփը կը հանե, բարձին վրա կը դնե, ուրիշ գրպանե մը թաշկինակը կը հանե, քովը կը դնե, քովի գրպանեն համրիչը կը հանե, աջ կողմը կը դնե, ետևի գրպանեն ճերմակ և ծալլված տոպրակ մը կր հանե, ձախ կողմը կը տեղավորե, առջևի գրպանեն զմելին կը հանե, թաշկինակին վրա կը նետե, ներսի գրպանեն պզտիկ ծխափող մը կը հանե և բարակ թելի մը ծայրն քիչ մը բամբակ դնելով ծխափողին մեջեն կանցունե և զայն մաքրելու սկսելով հանդերձ ձեռք կառնե խոսքին թելն ալ։


— Այս Բարաղամ աղան, ինչպես ըսի, աղեկ մարդ մէր. թեև քիչ մը խիստ էր։ Մարդս ալ քիչ մը խիստ ըլլալու է, թուլբերան մարդիկը պարապ մարդիկ են, անանկ չէ՞ մի... Մերկեր աղա՛, մարդ հրամցնողը օղի կը հանե, ո՞ւր է նայինք օղին, տիկինին ալ երեսը չտեսանք... տիկինը ո՞ւր է։


— Կերակուրի պատրաստություն կը տեսնե, որովհետև ես ժամը կեսին կուտեմ։


— Շատ աղեկ կընեք, շատ աղեկ կընեք, ես ալ անանկ