Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կընեմ։ Կեցցես, սիրած մարդս ես։ Ես ինչո՞ւ կը սիրեմ քեզի։


— (Մեկուսի) Ուր էր, թե սիրած մարդդ չըլլայի, ու կորսվեիր երթայիր։


— Որովհետև գիտեմ, որ դուն ալ կը սիրես ինձի. սերը երկու կողմեն ըլլալու է, կըսեն նախնիք, ախ... այս նախնյաց խոսքերուն մեջ շատ աղվոր խոսքեր կան, մարգրիտի պես խոսքեր կան, բայց մենք չենք ճանչնար... հրաման ըրեք, օղի բերեն, Մերկեր աղա, աս ի՜նչ է, տրտում, տխուր նստինք պիտի... այս իրիկուն քիչ մը տխուր կերևաս կոր... ինձի անանկ կերևա կոր. չէ նե... ինչո՞ւ տխուր ես... մարդս աշխատելու է, որ միշտ ուրախ ըլլա, մինչև անգամ ակամա ուրախ, բռնի ուրախ... ցավ մը ունիս նե՝ ըսե ինձի, բացվե, ի՞նչ վնաս ունի... բարեկամ ենք...


Այս միջոցին տանտիկինը կը մտնե սենյակն և էրկանը դեմքեն առած հրահանգաց համաձայն, կատարյալ պաղությամբ կը բարևե Ղուկաս աղան։


— Ներեցեք տիկին, մինչև այսօր հոս չգալուս համար, շատոնց կը փափագեի տեսնել ձեզի, բայց ժամանակները... ժամանակները... կը հասկնաք ա'... չէ նե, մենք Մերկեր աղային հետ եղբոր պես ենք, գրեթե ամեն օր մեկ տեղ ենք. այս իրիկուն ալ չէի գար, բայց չկրցի դիմանալ Մերկեր աղային թախանձանաց. օձիքս թող չտվավ, անպատճառ ներս պիտի գաս, ըսավ. Մերկեր աղային խոսքը կը կոտրե՜մ ես.


Եվ պատուհանը բացավ, փողոցը նետեց թելն, որով ծխափողին կորկը մաքրած էր։


Տիկինը վար իջավ։ Քանի մը վայրկյանեն հետո օղի բերին։


— Մեյմեկ հատ ճնկենք, ըսավ Ղուկաս աղան և դավաթն մինչև բերանը լեցունելով մեկ ումպով պարպեց։


Մերկեր աղան չեզոքություն պահեց։ Ղուկաս աղան գավաթ մալ տնկեց։


— Այս Բարաղամ աղան...


— Սեղանը պատրաստ է, պոռացին վարեն։ Ղուկաս աղան գավաթ մալ խմեց։