Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մերկեր աղան կը մատակարարե Ղուկաս աղային, ինչ որ պետք էր անոր անձրևեն պահպանվելու համար։ Ղուկաս աղանք շնորհակալություն կը հայտնե և կիմացնե միանգամայն, թե Մերկեր աղային սիրույն համար հանձնառու պիտի ըլլա հետևյալ գիշերը կանուխ Մերկեր աղային տունն երթալ և քատայիֆ մը եփել։


Վերջապես կը մեկնին հյուրերն և Մերկեր աղան ավուր պատշաճի հայհոյություններն ընելով դուռը կը կղպե, ճրագներն կը մարե և պառկելու սենյակը կը մտնե՝ ինքն իրեն խոսելով բարձրաձայն. «Աս ալ գլուխս եկած չէր, աս ալ տեսանք. այսչափ անկրթություն, այսչափ աներեսություն ո՛չ տեսած ունեի, ո՛չ լսած, տասներկու ժամ անհանգիստ եղիր, որպեսզի աղաները զվարճանան. ոտքս կոտրեր, ու դուռը չնստեի. վաղն իրիկուն ալ գա պիտի ու քատայիֆ պիտի եփե եղեր՝ դուռը բանամ նե՝ ներս կուգա։ Անհոգ, անհոգ, անհոգ մարդ»։


— Ի՞նչ կը մռմռաս, ճանըմ, կըսե կինն՝ անկողնույն մեջ մեկ կողմեն մյուսը դառնալով և գլուխը վերմակին մեջ խռթելով։


— Ի՞նչ մի կը մռմռամ, դուն հանգիստ քնացար ա՛, մեյ մալ ինձի հարցուր քաշածս։


— Մի՛ պոռար, տղաքները պիտի արթնցունես։


— Չպոռա՞մ մի... ինչո՞ւ չեկար քիչ մը նստելու, որ ես ալ քնանայի կտոր մը։


— Ինչո՞ւս պետք։


— Ինչո՞ւդ մի պետք։


— Քեզի ըսե։


— Ինձի՞ մի ըսեմ։


— Քունս պիտի փախցունես, տե՞ր ողորմյա, լմնցուր ա՛լ, մեկ բանը չեն երկնցներ։


— Չե՞ն մի երկնցներ։


— Քունս կը փախցունես կոր, կըսե կինն մյուս կողմը դառնալով։


— Քունդ կը փախցնե՞մ կոր մի...