Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մերկեր աղան ինքնիրեն շարունակելով երկար մենախոսությունն՝ անկողին կը մտնե։ Չկրնար քնանար Մինչև առավոտ անկողնու մեջ մեկ մասդին, մեկ մանդին դառնալով կանիծե ու կանիծե Ղուկաս աղան։ Եվ միշտ կը կրկնե. «Վաղը գիշեր ալ քատայիֆ պիտի եփե եղեր»։ Սա աներեսը, անպիտանը մազ մնաց, որ պիտի ճաթեցներ ինձի... ես ալ հանցանք ունիմ ա՛։ Բռնե ականջեն, փողոցը նետե, լմննա, երթա. համբերելու բան չէ որ... իմ տունս քազինո՞ է... թող կորսվին, ուրիշ տեղ խաղան իրենց թրեֆան... թե որ իմանամ, որ մեկու մը կաթված իջեր է, պիտի ըսեմ, որ աս աներեսը անոր տունը գացեր Է Բարազամ աղայեն սկսելով... վա՛յ, աներես, վայ... Բարաղամ աղայով մը անանկ մը քթես բռնեց, որ... իրավ, լմնցնենք ալ մոռնամ գոնե սա խայտառակին ըրածն, քանի կը խոսիմ կոր նե, վրաս դող կուգա կոր։


Եվ Մերկեր աղան կսկսի արագ քայլերով դառնալ սենյակին մեջ։


Խոնարհություն կա, խոնարհություն ալ կա։


Են մարդիկ, որ բարձրանալու և ուրիշներն խոնարհեցնելու համար խոնարհությունը գործիք ըրած են իրենց։


Կան մարդիկ, որ խոնարհության կը դիմեն՝ հարյուրին քսան զեղչելու համար իրենց պարտքեն։


Հաճախ պատահած եմ այնպիսի մարդոց, որ խոնարհության ապավինած են իրենց մեկ բարեկամը կողոպտելու համար։ Կը գտնվին նաև մարդիկ, որ խոնարհության մեջ գտած են մարդ խաբելու ամենեն դյուրին միջոցը։


Սակավք են, որ խոնարհ կ՝ըլլան՝ խոնարհ ըլլալու համար։


Սպասելով որ մեր Բարոյական ախտաթանությունն, որուն կը վայլե ճառել այս նյութին վրա, ընդարձակորեն խոսի այն անձանց վրա, որք խոնարհությունն խանութ ըրած են իրենց, անցնինք այսօր ներկայացնել անձ մ՝որ կը խոնարհի բարձրանալու նպատակավ միայն։


Սրբույն Թադեոսի և Բարթուղիմեոսի տոնախմբութենեն