Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչ ընենք, բան մէ, եղավ...


— Անոթի մնան ուրեմն, որ քեյֆդ գա։


— Ինչո՞ւ անոթի մնան... վաղը բալամուտ կառնենք քանի մը հատ։


— Դուն հանե ու հինգ ոսկի տուր, և հիմա տղաքներդ մերկ ու անոթի պահե. Աստված շնորհք տա քեզի մարդ։ Ազգասիրության համար ալ ֆասուլյա ուտելը բնավ տեսած չունեի...


— Հանցանքն իմս է, այո՛... իրավունք ունիս դուն... ճիշտ է, ֆասուլյա և բալամուտ... երեսս չբռնեց, չկրցա չէ ըսել ու հանեցի հինգ ոսկին տվի։


Նահապետ աղան հինգ ոսկվո կորուստը դարմանելու համար ծխախոտի և օղիի հատկացուցած գումարեն զեղչելու ստիպվեցավ հինգ ոսկին և տան ծախուց մեջ փոփոխություն չմտցուց, որպեսզի ամեն երեկո վիճաբանության համար պատրաստ նյութ չգտնվի տան մեջ։


Զաքար աղան ականջի սոսկալի ցավ ունի, ամբողջ գիշեր կը չարչարվի սպասելով արշալույսին, որ բժիշկի մը դիմե։ Ականջի ցավն, որպես հայտնի է, շատ անգամ հառաջ կուգա անպարկեշտ խոսքեր, ստություններ և զրպարտություններ լսելե։ Արեգական դուստրը՝ չդիմանալով Զաքար աղայի ականջի ցավուն — կը պատահի երբեմն, որ բուն ցավակիրն այնքան չզգար յուր ցավն, որքան փափկասիրտ ոմն,— որոշյալ ժամանակեն առաջ կը հասնի, և Զաքար աղան լապտերը վառելով կերթա զարնելու դեղարանի դռան մորու վրա գրված էր «Գիշերներն ալ թաց է»: Չբացվիր դուռը։ Զաքար աղան վերստին կը բախե այն սաստկությամբ, որով կը ցավեր ականջը։ Ոչ ոք ձայն կուտա։ Կը տանջվի խեղճը՝ անկարող ոտքի վրա կայնելու կամ նստելու, խոսելու կամ լռելու, կարագե բախումներն՝ աստիճանաբար սաստկացնելով զանոնք։ Վերջապես բարակ ձայն մը կը լսվի վերեն.


— Ո՞վ է ան: