Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ պիտի ըսեի... ո՞ւր պիտի բերեի, կապեի խոսքը... ճանըմ, ի՞նչ բանի վրա էր խոսքերնիս... բան մը պիտի ըսեի» թոհաֆ տեղ մը պիտի բերեի կապեի...


Հետո կսկսիմ իրեն օգնել, որպեսզի թոհաֆ տեղը գտնե։ Չկրնար գտնել և կը մեկնի խոստանալով, թե պիտի գա զիս տեսնելու, երբ գտնե խոսքին թելը։


Ըսել է թե ընդմիջող մեմ առաջին կարգի, բայց անանկ ընդմիջողներ կան, որոնց քով բնավ նշանակություն չունիմ։ Ասոնց քով մարդս ոչ միայն խոսքին թելը կը կորսնցնե, այլ ինքզինքն ալ։


Աստված պահպանե զձեզ և ձեր զավակները այս տեսակ ընդմիջողներե[1]:


Հանդիպած եք անշուշտ մարդոց կամ կանանց, որ իրենց վերաբերյալ տխրառիթ կամ բերկրառիթ նոր դեպք մը մանրամասնորեն պատմելու բնավորությունն ունին, որոնց կը հանդիպին։ Իրենց բարև տվողին ձեռքեն կը քաշեն և «Եկուր, քեզի հետ քիչ մը տեսնվինք» ըսելով նախ զբոսարան մը կը տանին զայն և հետո անոր գլուխը։ Շատ անգամ ալ իրենց ծանոթներուն կամ բարեկամներուն տուները կերթան միմիայն իրենց դեպքը պատմելու նպատակով։ Այս նկարագիրն չէ մեղադրելի, որովհետև մարդս, ինչպես կըսեն, կը բացվի ուրիշի պատմելով յուր վիշտերը, որպես նաև ինքզինքն երջանիկ կզգա բարեկամին հաղորդելով ուրախությունն։ Բայց այն, որ մեղադրելի և քիչ մալ աններելի է՝ սա է, թե այս մարդիկ կամ կանայք, առ ի չգոյե հիշողության միևնույն դեպքը հազար անգամ կը պատմեն քեզ, միշտ իրրև առաջին անգամ։ Եվ ինչ որ ցավալի է, ամեն անգամ այնպիսի ձևով մը կամ այնպիսի սկզբնավորությամբ մը կուգան քեզի պատմելու, որ լեզուդ կը բռնվի, և քաղաքավարության հակառակ կը գտնես կտրել անոնց խոսքը անմիջապես և ըսել «Ինձի

  1. Տե՛ս Ազգային ժողով: (Ծանօթ. հեղինակի):