Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խաթերս համար։


— Շատ աղեկ։


Կը մտնենք զբոսարանի մը մեջ։


— Մեզի երկու հատ աղեկ խահվե բե՛ր։


— Նոր ին՞չ կա, Ղազարոս աղա։


— Ի՞նչ պիտի ըլլա, մեր գործը Աստծո մնաց։ Քեզի չտեսա, որ ըսեի, ան օրե ի վեր չերևցար որ պատմեի... չէ նե ըսի՞ մի քեզի... չէ, չէ... չըսի... փառք Աստուծո... խելքս գլուխս է տակավին... չէ նե ըսի՞ մի... հե՞... չըսի, կարծեմ, չըսի։ Չըսի, էֆենտիմ չըսի, ցնդած չեմ ա՛։ էֆենտիմ, ամիս մառաջ.... ամիսե մը քիչ մ՝ալ ավելի՝ թանչք մ՝է կը բռնե մեզի, անկողնո մեջ կը պառկեցնե։ Արյուն մէ, կսկսի վարեն։ Այսօր կը դադրի, վաղը կը դադրի, այսօր կը դադրի, վաղը կը դադրի ըսելով՝ վարեն պաղ ջուրեր կը զարնենք, գաղջ ջուրեր կը զարնենք, տաք ջուրեր կը զարնենք, վերեն դեղահատ կը ելլենք, փոշի կուտենք, վերջապես վարեն դեղ, վերեն դեղ, շապ ալ դրինք, դարձյալ օգուտ մը չըրավ: Աղբյուր մը կտրած էր կարծես, կը վազեր ու կը վազեր։ Այսչափ արյունհեղություն պարապ տեղը։ Վերջապես արյունս հատավ, և հոսումն ալ դադրեցավ։ Հիմա վրաս ույժ չկա, որ քալեմ, կարողություն չունիմ, որ գործեմ, տունը ծախք կուզե, շվարեր մնացեր եմ։ Ահա ասանկ փորձանք մը եկավ գլխուս... պատմա՞ծ էի ասիկա ես քեզի։


Սույն վերջին հարցումը հառաջ կուգար այն անտարբերութենեն, որով ունկնդրած էի յուր խոսքերուն։ Նա կը կարծեր, թե պիտի հուզվեի յուր պատմութենեն, և երբ յուր պատմության ընթացքին մեջ հուզման նշան մը չտեսավ վրաս, իրավունք ունեցավ քիչ մը կասկածելու յուր հիշողության սրությանը վրա։ Ուստի հարցուց, հետ ավարտման պատմության։


— Պատմած էի ասիկա ձեզի։


— Ոչ, պատասխանեցի։


Ոչինչ պիտի շահեի, եթե այո ըսեի, վասնզի նախ երկրորդ անգամ մտիկ ընել տված էր արդեն ինձի յուր արյունահոսության պարագաները, երկրորդ՝ այս ըսելով պիտի հաս-