Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կարող չեմ տանելու նույնիսկ մեկ կաթիլը։


— Միհրանիկ, ա՛լ կարճ կապե, մեկ կաթիլն անգամ խմելու կարող չէ եղեր։


— Մեկ գավաթը ախորժակ կը բանա, օգտակար է։


— Եկուր, Բարսեղ աղա, գավաթ մը խմե՛, ախորժակ կը բանա։


— Ձկրցինք հասկցնել ձեզի... նեղություն կուգա կոր վրաս։


— Միհրանիկ, ա՛լ կրկնելու չէ։


— Ըսել է, որ մեր բարեկամությունը կեղծ է եղեր, Բար- սեղ աղա։


— Այդ խոսքը չեմ ընդունիր։


— Ձընդունիր ա, Բարսեղ աղան անանկ մարդ չէ։


— Վնաս չունի, գավաթ մը օղիին համար այսչափ դե՛մ դնել... շիտակը չէի հուսար... թող ասանկ ըլլա... թույն ըլլար նե՝ բարեկամության սիրույն համար մարդ կը խմեր։


— Բարսեղ աղա, գավաթ մը խմերեք, որ վերջանա խնդիրը։


Բարսեղ աղան կը հարկադրվի խմելու և երեսը ծմռտկելով՝


— Ինտոր ալ կը խմեն, կըսե ինքն իրեն, կարծես սիրտս էրեց։


— Ձուկեն չառնե՞իք կտոր մը, Բարսեղ աղա։


— Կառնեմ, պարոն Միհրան։


Երեք բարեկամները սկսան ազգային վարժարանաց վրա խոսակցելու։ Հայտնի է, թե մեր մեջ մեկ կամ երկու գավաթ օղի խմվելուն պես՝ խոսակցությունն ազգային վարժարանաց վրա կիյնա: Զանոնք բարեկարգելու համար երեքն ալ մեյմեկ տարբեր ճանբա ցույց տվին։ Երեքն ալ իրարու ճանբաները սխալ գտան, զիրար համոզելու աշխատեցան, չհաջողեցան, հուսահատեցան։ Միհրան շիշն առավ և սկսավ գավաթները լեցնել։


— Ա՛լ չեմ խմեր, պոռաց Բարսեղ աղան, կելլեմ, կերթամ: