Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քանի մը պատճառներ թող չտվին, որ սեղանն ժամանակին պատրաստվեր. այս պատճառները վերջը կը պատմեմ ձեզի։ Ի՞նչպես եք տեսնենք, Աբիսողոմ աղա, հանգի՞ստ եք, հարցուց Մանուկ աղան ձայնին աստիճանն իջեցունելով։


— Շատ հանգիստ եմ։


— Շնորհակալ ենք, մեր բարեկամն ի՞նչպես է Տրապզոն։


— Աղեկ է, հատկապես բարև ըրավ ձեզի։


— Բերող տանողն ողջ ըլլա։ Եթե ձեզի գավաթ մը օղի տամ, կը տնկե՞ք. ախորժակ կը բանա:


— Գավաթ մը միայն կը խմեմ։


— Շատ լավ. հրամմեցե՛ք:


Մանուկ աղան երկնցուց գավաթն Աբիսողոմ աղային, որ ի մի ումպ կլլեց զայն, այսինքն օղին. գավաթը չհասկնաք։


— Անուշ ըլլա, Աբիսողոմ աղա։


— Շնորհակալ եմ։


— Ձեր կենդանությանը։


— Ողջ եղեք։


Մանուկ աղան օղին ջրով բարեխառնելեն ետքը խմեց զայն ի չորս ումպ։


— Տիկինը մինչև որ կերակուրներն տաքցունե և բերե՝ մենք կրնանք խոսիլ և ժամանակ անցունել, այնպես չէ՞, Աբիսողոմ աղա։


— Այո, պատասխանեց հյուրն այնպիսի եղանակավ մը, որ կը հասկցուներ, թե ավելի լավ էր նախ կերակուր ուտել և ապա խոսիլ։


— Մտիկ ըրեք ուրեմն այսօր մեր գլուխն եկածները։ Քանի մը շաբաթե ի վեր թաղականի մը ընտրության ետևե ինկած ենք։ Դուք հիմա ձեր մտքեն պիտի ըսեք, թե՝ մարդ, թաղականը քուկին ինչո՜ւդ պետք։ Անանկ չէ՜, Աբիսողոմ աղա, ազգին գործը ես չնայիմ, դուն չնայիս, ան չնայի, ո՞վ նայի ուրեմն. ինչուս պետքը շատ գեշ բան է, անով ամեն մարդ մեկդի կը քաշվի, և ազգին գործերն ալ երեսի վրա կը մնան։ Իմ գիտցածս՝ ամեն մարդ ձեռքեն եկածին չափ ազգին գործերուն ալ աշխատելու է։ Հատ մալ կը խմե՜ք, Աբիսողոմ աղա. ախորժակ կը բանա։