Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քու աղեկությանդ համար կըսենք կոր մենք։


— Անանկ է յա՛, կուզես նե տակառ մօղի խմե:


— Դուք չէի՞ք, որ ստիպեցիք զիս խմելու։


— Մենք ի՞նչ գիտնանք, որ դու վարժված չես։


— Մատվընիս չպիտի հոտվըտայինք ա՛։


— Աս բան մը չէք անգամ մը կը գինովնա մարդ, ուրիշ անգամ կզգուշանա. ցավալի կետն այն է, որ...։


— Բարձը, վերմակը, սավանը աղտոտեցի...


— Ան ալ բան մը չէ, կը լվացվին, կը սրբվին. հորս հետ, որ հիվանդ է, քեզի համար կռիվ ընելու ստիպվեցա։


— Հայրդ իմացե՞ր է որ...։


— Իմացեր է հապա ... դուն գիշերն ելիր ու խմե խեղճ մարդուն... մեզը։


— Մե՞զը մի...


Բարսեղ աղան կը թքնե։


— Մեզը հապա... թքնելու բան չկա, ինչ եղավ նե մեզի եղավ. բժիշկները պիտի քննեին այսօր այդ մեզը. երեք օր է, որ խնամքով կը պահվի սենյակիս մեջ, սեղանիս վրա՝ այս առտու բժիշկներուն ցույց տալու համար։ Այնչափ բարկանա... այնչափ բարկանա, որ... իմ գիտցածս մարդ մը օղի չկրնար տանիլ նե, խմելու չէ. քո անձիդ ալ կը վնասես, եղբայր։


Բարսեղ աղան կը շարունակե թքնելը։


— Իրավունք ունի Գաբրիել աղան։


— Չէ նե եկուր տունս պառկե, շաբաթներով կեցիր, գլխուս վրա տեղ ունիս։


Միշտ կը թքնե Բարսեղ աղան։


— Իմս ալ գլխուն վրա։


— Ինչ որ է, եղածը եղած է, քալենք, հո՞ս պիտի կենանք։


Թքնելե չդադրիր Բարսեղ աղան։


Մինչև շուկան մեկտեղ գնացին չորս բարեկամները, հետո իրարմե բաժնվեցան։


— Թյո՛ւ, անկիրթ մարդիկ, պոռաց Բարսեղ աղան, երբ