Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երեսներնուն չի նմանիր. անոնք Քյաղթխանեի սոխակներն են և այս մասին ըրած ծառայություննին շիտակը անուրանալի է, արք և կանայք ընդհանրապես ծխափայտ կը գործածեն և զանոնք կռնակնին կը խոթեն։ Ելքն է երկաթյա գործիքներ և մուտքն է մորթը հանելու համար հոն տարված ձի և էշերու դիակները։


ՍԿՅՈԻՏԱՐ

Այս քաղաքին սահմանն է արևելքեն՝ Խայիշտաղը, արևմուտքեն՝ շոգենավին նավահանգիստը, հյուսիսեն Գուզկունճուք՝ հարավեն Գատը գեղ։


Այս քաղաքին դիրքը ծովեն խիստ բարձր ըլլալուն՝ բնակիչը շատ նեղություն կը կրեն վեր ելնելու, սակայն վար իյնալու համար այնպես չէ, որովհետև մեկը եթե ուզե խիստ դյուրությամբ կրնա վերեն վար գլտորիլ. կան անանկ փողոցներ ալ ուր մարդ ուզե չուզե կը գլտորի։


Օմնիպլուսի ճանբան մյուս ճանբաներուն ամենեն աղեկն է, միայն թե ամառ ատեն բերան բանալու ու խոսելու չգար, որովհետև մարդուս բերանը փոշիով կը լենա։ Շատախոս մարդոց համար շատ հարմար կուգա այս տեղը։ Փորձառու մը կը պնդե, որ եթե Մանզումեն ամառ ատեն հոն պտըտեր Մանզումեի մեջ այնչափ երկար հոդվածներ չպիտի կարդայինք։


Ձմեռ ատեն ալ ոտքի աման հագնելու չի գար, որովհետև ճանբան այնչափ թանձր ցեխով, տիղմով կը լեցվի, որ մարդուս ոտքի ամանները կը բռնեն։


Փողոցներեն ոմանք այնչափ անձուկ են, որ երկու հոգի զիրար դիմավորելու ըլլան նե՝ անոնցմե մին կստիպվի ետ դառնալ որպեսզի մյուսն անցնի։ Այս նեղ փողոցներն պարտականներուն գործին ամենևին չգար, որովհետև եթե դմբաղդաբար պարտատերը դեմը ելնելու ըլլա նե՝ խեղճը պահվտելու տեղ չկրնար գտնել։ Այս պատճառավ պարտատե-