Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ մեկ ժամագործի կը հանձնե յուր ժամացույցն, անոր կուտա, որ մաքրե։ Այս Թորոս աղան կը ճանչնա՞ք. ուրիշ տեսակ մարդ է. անոր մեկ պատմությունը ընեմ քեզի և մտիկ ըրե, որ տեսնես, թե աշխարհիս վրա ասանկ մարդ կը գտնվի եղեր, որ...


— Բերե՞մ ապուրը, հարցուր տիկինը սենյակին դռնեն ներս երկնցնելով գլուխը։


— Քիչ մը համբերե՛, տիկի՛ն, խոսքս լմնցունեմ, վերջը բեր։ Այնպես չէ՞, Աբիսողոմ աղա, խոսք պետք է յա՛։ Եթե մտիկ ընելու ժամանակ չունիք՝ և գլուխնիդ կը ցավցունեմ կոր, ըսե՛ք։


— Ատ ինչ խոսք է... բա...


Աբիսողոմ աղան չկրցավ շարունակել յուր խոսքը, զոր սելով։


— Այս Թորոս աղան, շարունակեց, մուշտակագործ մէ, ականջը խոսի, և յուր ընտանիքովը հանգիստ կյանք մը կը վարե։ Յուր տանը պետք եղած պարենը, կարասիքն և հանդերձեղենն յուր ձեռքովը կառնե և իրմե զատ և ոչ մեկու մը վստահություն ունի, ականջը խոսի։ Մսավաճառեն միս կ՝առնե, տուն երթալուն պես կը կշռե զայն և անպատճառ քանի մը տրամ պակաս կը գտնե միսը, մսավաճառին կ’երթա, հետը կռիվի կը բռնվի և քանի մը տրամ պակաս տրված միսը կառնե տուն կը դառնա։ Ասանկ տարօրինակ մարդ մ՝է. ականջը խոսի։ Օր մը այս Թորոս աղան, ականջը խոսի, ժամացույցին փոշիները մաքրել տալու համար ժամագործի մը կերթա և հետը սակարկության սկսելով վերջապես տասն և հինգ դահեկան կը հավանի տալ, այն պայմանով, որ ժամագործն յուր առջևը մաքրե ժամացույցը, վասնզի Թորոս աղան, ականջը խոսի, ինչպես ըսի, և ոչ մեկու մը վստահություն ունենալով՝ չէր ուզեր յուր ժամացույցն ժամագործին հանձնել և երթալ՝ վախնալով, որ ժամացույցին մեջեն բան մը կը դողցվի, կամ ժամագործը դիտմամբ կավրե ժամացույցն՝ մեծ ծախք մը բանալու համար, ինչպես որ կընեն շատ մը ժամագործներ,