Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Թորոս աղային ժամացույցը։


— Թորոս աղան ո՞վ է։


— Մտիկ չըրի՞ր ուրեմն ըրած պատմությունս։


— Ըրի, կատարյալ մտիկ ըրի, ըսավ Աբիսողոմ աղան, որ յուր թոմաթեսի հարցումովն հաստատեց, թե միտքն ապուրի, ապուրեն թոմաթեսի, թոմաթեսեն Պոլսո մեջ բրինձի ապուրին ինչպես շինվելուն գնացած էր, և բնավ ունկն չէր դրած Մանուկ աղային խոսքերուն։


Աբիսողոմ աղան շատ իրավունք ուներ յուր տան տիրոջը երկարաձիգ ճառն մտիկ չընելու, մանավանդ անոթի փորով։


Աշխարհիս վրա կան մարդեր, որք կը կարծեն, թե իրավունք ունին մեկու մը քթեն բռնել և ժամերով անոր գլուխը ցավցունել։ Ուրիշներ ալ կան, որ իրենց խոսքերը մտիկ ընել տալու համար մարդ կը փնտրեն և եթե չգտնեն, պատրաստ են հոժարակամ օրական վարձ, մալ տալ. ոմանք ալ ամսականով ունկնդիր կը փնտրեն։ Շատ անգամ ինձի ալ պատահած է այս փորձանքը, և ես մտիկ ընել ձևացունելով՝ իմ գործիս վրա խորհած եմ. հավանության պատասխաններ տալով ինձի եղած հարցումներուն՝ այնպես է պատասխանած եմ, եթե այնպես չէ հարցվեր ինձի, արդարությունն ալ այս է պատասխան տված եմ, երբ արդարությունն ալ այս չէ՞ հարցումն ուղղվեր ինձի, իրավունք ունիս ըսած եմ, երբ իրավունք չունիմ հարցումն եղած է, որպեսզի խոսքը կարճ կապվի։ Դժբախտությունն հոն է, որ գլուխդ ցավցնողն երբեմն այնպիսի հարցում մը կընե, որուն պատասխանելը դժվար է, վասնզի վճիռ տալը քեզի կը թողու։ Օրինակի համար, լմնցնելեն ետքը ճառն, զոր դու բնավ մտիկ ըրած չես, կը հարցունե քեզի.


— Մարկոս աղա՞ն իրավունք ունի, թե Կիրակոս աղան։


Ի՞նչ պատասխանելու է. գործին վրա բնավ տեղեկություն չունիս. որո՞ւն տալու է իրավունքը. մանավանդ գիտնալու է, թե իրավունքն որու պետք է տալ, որպեսզի գլուխդ ցավցունողին սիրտը չցավի: Ասոր ալ ես դյուրին ճանբան գտած եմ և հետևյալ պատասխանները կուտամ.


— Գործն անուշությամբ լմնցնելու է։