Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ լավ. ի՞նչ զիրքով հանել կուզեք ձեր պատկերը։


— Միտք չունիմ պատկերս քաշել տալու, վասնզի անօգուտ բան մը կերևա ինձի։


— Ի՞նչ կըսեք, ասկից ավելի օգտակար ի՞նչ կա. եթե ձեր բարեկամներեն մեկուն այցելություն մը տալ ուզեք և ժամանակ չունենաք ձեր մեկ պատկերը կը ղրկեք, կը լմննա, կերթա։ Եթե կարգված եք, ձեր ամուսնույն կը ղրկեք, որ ձեր բացակայությանն ատեն անոր վրա նայելով կարոտը կառնե եթե ամուսնացած չեք, շատ աղջիկներ ձեր պատկերը կը տեսնեն և ձեր ո՛վ ըլլալը կը հասկնան, որով ընկերություններու մեջ ձեր անունը կը խոսվի։ Լուսանկար պատկեր մը այս օրվան օրս հացեն ավելի պետք է մարդուս. կաղաչեմ, որ համոզվիք, և ժամ առաջ երթանք ձեր պատկերը քաշենք։


— Աղջիկներն ի՞նչպես և ո՞ւր պիտի տեսնեն իմ պատկերս...


— Չե՞ որ ձեր բարեկամներուն պիտի տաք, անոնք աս իրենց տունը պատկերներու հատուկ գիրքի մը մեջ պիտի անցունեն և ամենուն պիտի ցուցնեն։


— Ցուցնելով ի՞նչ պիտի ըլլա։


— Ի՞նչ կուզեք, որ ըլլա... միշտ կը հիշվիք...


— Եթե չհիշվիմ, ի՞նչ կը կորսնցնեմ, հոգս էր իմին, թե զիս պիտի հիշեն. կուզեն՝ հիշեն, կուզեն՝ չհիշեն, ես անանկ դատարկ բաներու ստակ չեմ տար և քու խոսքերուդ ալ չեմ հավատար։


— Ասիկա պզտիկ է նսյուլթ մէ։


— էնսյուլթն ո՞վ է։


— Տեր, գիտեք, որ արթիսթ մը վիրավորեցիք ծանրապես:


— Ե՞ս վիրավորեցի։


— Այո՛, դուք...


— Պատկերս քաշել չտալուս համար զրպարտությա՞ն սկսար... ես մինչև հիմա մեկը վիրավորած չեմ։


— Այսօր զիս վիրավորեցիք։


— Գնա ոստիկանության իմաց տուր, պարապ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ։