Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չկրնա՜ր ըլլալ, որ սպասավորներս ալ առջևս բարև բռնած հանենք։


— Շատ աղեկ կըլլա։


— Իբա՜վ կըսեք։


— Այո՛։


— Օրինակի համար ես ագարակներ ալ ունիմ, որոց մեք շատ մը կովեր, ոչխարներ, ձիեր, սագեր, բադեր կան, անոնք ալ կարելի չէ՜ պատկերին մեկ կողմը դնել։


— Ատոնք կարելի չէ, բայց սպասավորներդ կրնաս առնել, այնպես չէ՜, պարոն Դերենիկ։


— Այո՛, այնպես է, պատասխաներ պատկերահանը։


— Չկրնա՜ր ըլլալ որ, հարցուր նորեն Աբիսողոմ աղան, պատկերին տակը գրվի, որ այս մարդն ագարակներ, ձիեր, կովեր, էշեր ունի։


— Ատ չգրվիր՝ կրնա գրվիլ, բայց մինչև այսօր սովորություն եղած չէ։ Սակայն ի՞նչ հարկ կա զանոնք գրելու, արդեն ամեն մարդ շուտով կ՝իմանա։


— Ձիու վրա նստած կրնա՜ք հանել:


— Այո՛, պատասխանեց Դերենիկը։


— Չին վազցունելով սակայն։


— Ատ դժվար է։


— Շատ լավ, վաղը կը նայինք։


— Եթե կուզեք, մեքենան հոս բերեմ վաղը։


— Այո՛, այո՛, հոս բերե՛ք, կրկներ Մանուկ աղան, վասնզի չվայլեր, որ Աբիսողոմ աղան ձեր սենյակը գա։ Մեծ մարդերը միշտ իրենց տուներուն մեջ քաշել կուտան պատկերնին։


— Գլխուս վրա, ըսավ Դերենիկն և ձեռները շփել սկսելով՝ ոտքի վրա ելավ և կոտրվիլ սկսավ այնպես, որ խոսք մը ըսել կ՝ուզեր և կը քաշվեր։


Հայտնի է, թե այն մարդն, որ բան մը ըսել կ՝ուզե և կը քաշվի, անպատճառ ստակ պիտի ուզե։


— Վաղը մեքենան հոս բե՛ր, ըսավ Աբիսողոմ աղան։


— Շատ լավ, պատասխաներ պատկերահանը միշտ կոտրտվելով և ձեռները շփելով։