Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես պիտի վերջանա այս տեսարանն, որ Ազգային երեսփոխանական ժողովո մեջ գրեթե միշտ կռիվով կը վախճանի:


— Իրավունք ունիք, պատասխաներ Մանուկ աղան, կարճ մարբուճը շատ աղեկ կերևա պատկերին մեջ, բայց և այնպես մաքուր և շիտակ ըլլալու է թաղական ընտրվող մարդ մը։


— Դուք աղեկ կը ճանչնա՞ք։


— Իմ ճանչնալս մինակ օգուտ չըներ, քվեարկությամբ կընտրվի։


— Քվեարկությա՞մբ։


— Այո՛, ըստ Սահմանադրության քվեարկությունը կը ընտրե։

— Ի՞նչ կըսեք, թաղեցին քվե՞ պիտի տա հիմա աղեկ մարբուճ մը ընտրելու համար։


— Թաղականի վրա է մեր խոսքը։


— Թաղականն ո՞ւսկից հանեցիր. մարբուճի վրա Է մեր խոսքը։


— Մի՛ բարկանաք, Աբիսողոմ աղա, այնպես ըլլա:


— Ինչո՞ւ բարկանամ պիտի... վաղը երթանք, հատ մը առնենք։


— Կառնենք։


Այս պահուն սենյակի դուռը բացվեցավ, և կնկան մը գլուխ երևցավ։


Այս կինը Շուշան կը կոչվեր, և յուր արհեստն ալ սիրո միջնորդություն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով յուր աշխատության վարձքը կընդուներ։ Երբեմն ալ այրը կինեն կը զատեր և դարձյալ յուր աշխատության փոխարենը կառներ: Տարիքն, եթե իրեն հարցնես, երեսունը վեց է, իսկ եթե հարցնես ինձի, որ միշտ սովորություն ունիմ կնկան մը խոստովանած տարիքին վրա տասն ավելցնել, քառասունը վեց է։ Ծաղկի հիվանդությունը յուր նշանները ձգած է անոր երեսը։ Սև և երկար դեմք մը, որուն կեսը կը կազմեր ծնոտը, և որուն մեջտեղը երկնցած Էր քիթ մը, որ բարձր և ճոխ