Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ պիտի ընես ուրեմն, եթե կինդ ժամերով դաշնակի առջևե անցնի և այդ նվագարանի վրա եվրոպական խաղեր զարնե։


— Թո՛ղ չեմ տար, ես ձանձրույթ կիմանամ։


— Ան հաճույք կզգա։


— Կին մը ի՞նչ իրավունք ունի յուր էրկանը գլուխը ցավցունելու։


— էրիկ մը ի՞նչ իրավունք ունի յուր կինն զվարճութենե զրկելու։


— Եթե գործը մինչև աս տեղվանքը պիտի գա, չեմ կարգվիր։


— Չկարգվիլ չըլլար, միայն թե պիտի ստիպվիս կնկանդ ճաշակին հարմարելու համար դաշնակ սորվիլ։


— Ես կրնա՞մ սորվիլ։


— Ինչո՞է չէ, մանավանդ թե ավելի դյուրին է քեզի դաշնակ զարնել սորվիլ, քան թե կնկանդ դաշնակ զարնել մոռնալը։


— Եթե այսպես է, ատոր ալ ճանբան գտանք ըսել է։


— Ասոնք ըսելուս պատճառն ան է, որ ես հոգիս սևցունել չեմ ուզեր, ամեն բան առաջուց կըսեմ, որ վերջեն ինձի պատճառ չբռնեն։ Իմ ձեռքիս տակ ամեն դասե աղջիկ կա. բարձր դասեն, միջին դասեն և ստորին դասեն, այս երեք դասեն ալ ծախու ապրանք ունիմ. հրամանքնիդ ձեր քսակին հետ խորհրդակցեցեք և ինձի ըսեք՝ սա դասեն կուզեմ։ Հայտնի է, որ բարձր դասը շատ սուղ է, միջինն նվազ սուղ և ստորինն աման։


— Ես շատ աժան չեմ ուզեր։


— Շատ լավ. աղջիկը ճերմա՞կ գույն ունենա, թե քիչ մը թուխ։


— Ճերմակ կուզեմ։


— Աչքերը սև՞, թե կապույտ։


— Եկու տես, որ սևն ալ կը սիրեմ, կապույտն ալ...


— Կամ մին պիտի ըլլա, կամ մյուսը, վասնզի չկրնար ըլլալ անանկ աղջիկ մը, որուն մեկ աչքը կապույտ ըլլա, մյուսը՝ սև։