Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բժիշկներովն չափ ճարտար բժիշկներ հուսալ. ինչպես նաև այն ազգն, որով մեջ ընթերցասիրությունն տարածված չէ, իրավունք չունի տաղանդավոր և հանճարեղ հեղինակներ ունենալու. տաղանդն և հանճարն առանց քաջալերության կը մեռնին:


— Շատ իրավունք ունիք։


— Չեք կարող երևակայել, Աբիսողոմ աղա՛, թե որչափ հուսահատած եմ. հազար անգամ զղջացած եմ, երկու հազար անգամ անեծք կարդացած եմ բժիշկ ըլլալուս համար, ո՜ւր էր, թե բժիշկ ըլլալու տեղ հիվանդ ըլլայի և... մեռնեի. մեր ազգին մեջ հիվանդոլթյունը բժշկութենեն աղեկ է, վասնզի տգիտությունն գիտութենեն ավելի կը քաջալերվի... թեթևությունը ծանրութենեն ավելի հարգ կը գտնե, մոլիներն առաքինիներեն ավելի պատիվ կը վայելեն. ճշմարիտ Աստված, ուխտ ըրած եմ, որ եթե օր մը երևելի ազգայիններեն հիվանդ մը նայիմ, անոր անունը լրագիրներու մեջ բարձրացունեմ։


Այս խոսքին վրա Աբիսողոմ աղա արթնցավ, այս ինքն փառասիրությունն արթնցավ: Ի՜նչ անուշ բան է. թերություններ հավաքել միամիտ մարդերու վրայեն։ Խորամանկներն երբեմն վարպետությամբ այնքան կը կեղծեն իրենց թերություններն, որ անոնց հավաքիչները կը շվարեցնեն. վասնզի անոնք երբեմն միամիտ և երբեմն խորամանկ կը ձևանան, ժամ մը՝ տգետ, ժամ մը՝ գիտուն, մերթ՝ անաչառ, մերթ աչառու, մերթ՝ կեղծավոր, մերթ՝ անկեղծ, և երբ ազգային նշանավոր, հանճարեղ և հերանույշ Ծերենցը ասոնցմե մին նկարագրելով անբնական անձ մը ներկայացնե, ամեն կողմե կը բասրվի, թե Ծերենցն տակավին Մանուկենց է անձեր ստեղծելով արհեստին մեջ, թե միևնույն անծին վրա Ադամն և Նեռն, սատանան և հրեշտակն, Զոյիլն և Հոմերոսն, արականն և իգականն միանգամայն կը ներկայացնե։ Ի՞նչ հանցանք ունի ճերմակերես Ծերենցն, երբ յուր ներկայացնելիք անձերն խորամանկ են։ Ներեցե՛ք, Աբիսողոմ աղա և տեր բժիշկ, եթե ձեր խոսակցությունն ընդմիջեցի. ի բնե քիչ մը անհամբեր եմ. երբ խոսքին կարգը գա, չեմ կարող ինքզինքս բռնել, որչափ ալ այս բնավորությանս պատիժը